Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի միասնական գնի շուրջ ըստ էության կոնսենսուս կա եւ բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ». Մհեր Գրիգորյան

Հունվար 28,2022 14:38

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց գազի թանկացումից: Հարցին՝ բիզնեսի համար դա ի՞նչ արդյունք է ունենալու, նա պատասխանեց. «Ես այս պահին կարող եմ մենակ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու: Այդ հնարավորությունը կա, քանի որ ես ասել եմ, որ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022-ին: Ուղղակի մենք ունենք իրավիճակ, երբ դեռեւս 2013-ին կար կնքված բանաձեւ, որի կիրարկումը սկսում է 2022-ին: Բանաձեւի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով»:

Իսկ թե ինչ հետեւանք կունենա բիզնեսի համար՝ Մհեր Գրիգորյանը հորդորեց սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչ գին կսահմանի. «Ես կարծում եմ, որ այնքան մեծ է սահմանին գազի գնի եւ աշխարհում գազի գնի տարբերությունը, որ պետք է որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որեւէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: Գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաեւ մեր տարածաշրջանի գազ սպառող ու էներգիա սպառող արտադրողները: Բոլորի համար գազը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան Հայաստանում բիզնեսների համար, հետեւաբար՝ չեմ կարծում, որ դա շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսմենների համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա առնվազն 2022-ին»:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ կազմում Կրասնոդարի բնակիչն ավելի էժան է վճարում գազի համար, իսկ օրինակ` Հայաստանում Արմավիրի կամ Երեւանի բնակիչը՝ ավելի թանկ, այս իշխանությունը հասկացա՞վ այդ հարցի պատասխանը, որովհետեւ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը մշտապես այս հարցը տալիս էր՝ փոխվարչապետը պատասխանեց. «Գազի գնի հետ կապված ԵԱՏՄ-ում նախ միասնական շուկայի վերաբերյալ ֆորմալ համաձայնությունը, կանոնը ուժի մեջ է մտնում 2024-ին: Այստեղ կա երկու շատ կարեւոր բաղադրիչ. մեկը գազի ինքնարժեքն է՝ բորսայական գինը կամ հանքի գինը, մյուսը՝ տրանսպորտն է, որը շատ ավելի լուրջ բանավեճերի եւ բարդ քննարկումների առարկա է, որովհետեւ այդքան էական չի գազի գինը՝ որպես առարկա, որքան կարեւոր է, որ տրանսպորտի սակագինը թե՛ ներքին եւ թե՛ տարածաշրջանային եւ սահմանային: Քննարկումները շարունակվում են ու կարծում եմ, ինչ-որ միասնական մոդելի հնարավոր է գալ: Գազի միասնական գնի շուրջ ըստ էության կոնսենսուս կա եւ բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի տրանսպորտի, այսինքն՝ մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր, քննարկումներ գնում են եւ հուսով եմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31