«Թուրքական երկու նախապայմաններ, ցավոք, արդեն կատարված են, մեկը՝ օբյեկտիվ իրողությունների բերումով․ դա հայկական զորքերի դուրսբերումն է Արցախից։ Դա մեծապես կատարված է»,-Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը՝ ասաց «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Երկրորդ նախապայմանն այն է, որ ՀՀ-ն հրաժարվի հայոց ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից։ Դա եւս կատարման ընթացքի մեջ է»,-կարծիք հայտնեց նա։
Իշխանության հայտարարած խաղաղության դարաշրջանին պատրաստ լինելու առնչությամբ էլ Մենուա Սողոմոնյանը նշեց․ «Իհարկե, պետք է խաղաղություն։ Որեւէ մեկը չի ցանկանում, որ երկրները միշտ պատերազմի մեջ լինեն, բայց մեր տարածաշրջանում խաղաղությունը չի աշխատում այն տրամաբանությամբ, որով եվրոպական տարածաշրջանում է աշխատում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները բնույթով նույնը չեն, ինչ ֆրանս-գերմանական հարաբերությունները։ Երբ վերջինս օրինակ են բերում, ապա նշեմ, որ դա չի աշխատի մեր տարածաշրջանում։ Այստեղ խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի»։
Սողոմոնյանի խոսքով՝ պատերազմ սանձազերծած եւ հայության դեմ միջազգային հանցագործություններ կատարած Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանության հոխորտանքի ներքո խաղաղության պայմանագրի գնալը խաղաղություն մուրալ է, ոչ թե հավասարը հավասարի հետ պայմանավորվել․ «Հեռանկարի առումով էլ դա խաղաղաբեր չէ։ Իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգ, եւ մեր նպատակն այդպիսինների հեռացումն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ