Սիրելի զինվորներ ու սպաներ, այսօրը` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի օրը, ազդարարում է Հայկական բանակի հասունությունը, ինքնահաստատումը և թշնամուն հաղթելու կարողությունը։
Հունվարի 28-ը անգին տոնի խորհուրդ ունի, և այս օրվա պատգամը հայ ազգին` ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆՆ Է, Հայոց եռագույնի բարձր ծածանումը, ազատագրական հաղթերթը` ի փառս Հայրենիքի, աշխարհասփյուռ հայության, բոլոր զինվորների մայրերի…
Մեր արևելյան սահմաններում` Արցախյան ճակատում, հայոց հաղթամարտի դավադիր ընդհատումը՝ դավաճանաբար ծրագրված, ժամանակավոր է: Վստահ ենք՝ շուտով կծավալվի համահայկական և քաղաքակրթական արժեքների վերագիտակցումից ծնված ազգային-ազատագրական նոր հուժկու ալիքը, որին ընդառաջ՝ ժամանակավորապես նահանջած հայ զինվորն ու սպան իրենց հաղթամարտի առաջին փուլը կնշեն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում` ազատագրված Արցախի կարոտով, հայկական պատարագով։
Սիրելի հայոց զինվորություն, մեր սրբազան լեռ Արարատի ազատագրումը համահայոց տեսլականն է, հայի ինքնության և հավերժագոյի վավերագիրը, «գետի այն ափին» մնացած մեր գերված հողերի ու ջրերի վերահայացումը՝ մայր արմատներին վերադարձն է, երազանքի իրականացումը։
Կարդացեք նաև
Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։ Անկորուստ, պատվախնդիր և հաղթական ծառայության մաղթանքով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցություն։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն