Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք նորից պատերազմ լինի՞»․ Մարուքյանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հունվար 28,2022 13:46

«Ես սպառնալիք տեսնում եմ հարաբերությունները չկարգավորելու մեջ։ Այդ սպառնալիքն արդեն տեղի է ունեցել։ Եթե 2008թ․-ին չխանգարեին, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ իր նախաձեռնությունը տեղի ունենար, ապա այս պատերազմը գուցե այս ձեւով չէր լինի»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում սպառնալիք տեսնո՞ւմ է։

Մարուքյանը նշեց՝ 2008թ․-ին էլ է կարծել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների․ «Ուրախ եմ, որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո հայտարարության մեջ կա հստակ ամրագրում, որ բանակցությունները շարունակվում են եւ սկսվել են առանց նախապայմանների»։

Նկատառմանն ի պատասխան, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցել է պատերազմում, իսկ սահմանին դեռեւս շարունակվում է սպառնալիքը, զինվորներ են զոհվում, Մարուքյանն ասաց․ «Նման արհավիրք է եղել, որովհետեւ ժամանակին տրված շանսերը լավ չենք օգտագործել կամ էլ օգտագործել ենք, բայց չի ստացվել։ Հիմա շանս կա հարաբերությունները կարգավորելու։ Հարաբերությունների չկարգավորումն է , որ ապագայում հղի է լինելու նոր պատերազմներով ու զոհերով։ Որի՞ կողմնակիցն եք, ուզում եք նորից պատերազմ լինի՞»։

Հակադարձմանն ի պատասխան, որ Ադրբեջանի նախագահն, օրինակ, հարաբերությունների կարգավորումը տեսնում է իր տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում, Մարուքյանը շեշտեց․ «ՀՀ-ում ավելի շատ քննարկում են, թե Ադրբեջանի ղեկավարն ինչ է տեսնում, փոխանակ ասենք, թե մենք ինչ ենք տեսնում։ Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում․․․ես էլ տեսնում եմ, որ Արցախը կայացած գործոն է, եւ անվտանգային իրավիճակը պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով։ Ավելի վտանգավոր է հայ-թուրքական բանակցություններ չունենալը, չկարգավորելը։ Հիմա էլ եմ աջակցում կարգավորմանը, որովհետեւ չկարգավորումը բերելու է նոր արհավիրքներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31