Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հետ կբերենք, ինչպես 30 տարի առաջ»․ Բանակի տոն Գյումրիում

Հունվար 28,2022 13:38

Գյումրիում Հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունները սկսվեցին «Շիրակ» գերեզմանատանը գտնվող «Ազատամարտիկների պանթեոն»-ում հուղարկավորված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

Վաղ առավոտյան մարզի պաշտոնյաները՝ ուժային կառույցների ներկայացուցիչները, ազատամարտիկները, զինվորականները, Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այցելեցին հերոսների շիրիմներին՝ ծաղիկներ խոնարհելով, խնկարկելով ու առ Աստված աղոթք բարձրացնելով։

 

Նորակառույց պանթեոնում հուղարկավորված են 44 օրյա պատերազմի 81 նահատակներ։

Հայոց բանակի տոնը նշվում է մարզի բոլոր 6 համայնքներում՝ Գյումրիում, Արթիկում, Ախուրյանում, Անիում, Ամասիայում և Աշոցքում։

Այս անգամ սակայն տոնակատարությունների ցանկում առավել շատ մշակութային միջոցառումներ են ներառված՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տոնական համերգները, ցուցահանդեսներ՝ «Մշակույթն ընդդեմ պատերազմի», «Վերելք» խորագրերով։

Գյումրու քաղաքապետարանն էլ գրեթե բոլոր թանգարաններում միջոցառումներ է կազմակերպել՝ «Զինվորի ձայնը»-ձայնային ինստալյացիաներ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, «Ալեքսանդրապոլում Անդրանիկ զորավարի հավաքագրած Առանձին հարվածող զորամասը` որպես հայոց նորաստեղծ բանակի նախատիպ»-թեմատիկ լսում Գյումրու պատմության թանգարանում։

Իհարկե, Գյումրիում տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված էր նաև շքերթ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր հարցազրույցում շեշտել է, որ անկախ անդառնալի կորուստներից՝ ոսոխի առաջ ծնկի իջնող չկա։

«Օրվա խորհրդով միջոցառումների մեկնարկը տվել ենք պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին՝ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների հերոսների առջև։ Այդ ամենի գիտակցումով ու խոնարհումով մենք պետք է արձանագրենք, որ այսօր տոն է, Հայոց փառապանծ բանակի տոնն է և յուրաքանչյուր հայ իր սրտում պետք է տանի մեկ կարևոր պատգամ, որ մենք անկոտրում ենք, որ տոկուն ենք, որ աննկուն ենք և հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անկախ մեր անդառնալի կորուստներից։ Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու ու քաջ ենք լինելու։ Փառք մեր հայոց բանակին»,- ասել է Շիրակի մարզպետը։

Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ Յուրա Ալեքսանյանն էլ մեր զրույցում ասաց՝ իր աչքերով է տեսել, թե ինչպես է կռվել Հայոց բանակը, ինչպես է դիմակայել անասելի մարտահրավերին, երբ վերևից կարկուտ էր թափվում, իսկ ներքևում աշխարհում առաջին անգամ նոր զինատեսակներ էին փորձարկվում։ Ու հայ զինվորը, գեներալը, սպան, կամավորը, աշխարհազորայինը հանուն հայրենիքի մեկ մարդու նման կանգնած են եղել։

ԵԿՄ ղեկավարը վստահ է, որ Արցախի կորսված տարածքները հետ կբերվեն, ըստ նրա, միակ անդառնալի կորուստը մեր զինվորներն են, մեր եղբայրներն են։ Իսկ Արցախը կազատագրեն այնպես, ինչպես 30 տարի առաջ, ամեն ինչ վերջացած չէ ու հուսահատվելն անթույլատրելի է։

«Ոչ ոք չպիտի կասկածի մեր բանակի հզորությանը, 44-օրյա պատերազմում մեր բանակի վարած մարտերը ցույց տվեցին, որ մենք էլի ենք անպարտելի, էլի ենք անփոխարինելի, տարածաշրջանի լավագույն բանակն ենք, մենք կռվել ենք ոչ միայն ադրբեջանցիների դեմ, այլ մի քանի երկրների բանակների դեմ, նաև վարձու մարդասպանների դեմ, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ։ Մեր բանակը եղել է, կա ու կմնա լավագույնը իմ համար, նաև ամբողջ հայության համար»,-ասում Է Յուրա Ալեքսանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31