Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանը դուրս է եկել Խորհրդային միությունից՝ Արցախը նրա կազմում չի եղել. Փաշինյանը մանիպուլացնում է. Ռուբեն Մելքոնյան

Հունվար 28,2022 13:34

Հասարակությանը հրամցվում է կեղծ տեղեկատվություն՝ ընդ որում իշխանությունների կողմից: Այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, «Հայելի» ակումբում ասաց պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, այն միտքը, թե Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, եւ ինքը շարունակում է այդ գիծը ու հիմա էլ Հայաստանը որեւէ հողային պահանջ չունի, կեղծ է. «Այո Հայաստանի հանրապետությունը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացրել, բայց ՀՀ-ն երբեք չի ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը: Թուրքիայի պահանջն առ այսօր այն է՝ ոչ թե ճանաչենք Թուրքիայի ամբողջականությունը, այլ ճանաչենք Կարսի պայմանագիրը»:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի ՀՀ երեք նախագահներն էլ չեն ճանաչել Կարսի պայմանագիրը. «Դա անօրինական պայմանագիր է, որովհետեւ 1921 թվականին ստորագրող կողմերը միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել՝ Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը: Կարսի պայմանագիրը լի է անօրինականություններով, մասնավորապես՝ Անին, Սուրմալուն եւ այլն Թուրքիային են կցվել առանց որեւէ իրավական հիմնավորման»:

Ըստ պարոն Մելքոնյանի, Խորհրդային միությունն էլ երբեմն հայտարարել է, որ այդ պայմանագիրն անօրինական է. «Անգամ Ստալինն այն ժամանակ հայտարարել է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Խորհրդային միությունը թույլ էր: Հայաստանն այդ գիծն է շարունակում: Եվ մենք չենք ճանաչել Կարսի պայմանագիրը: Բայց մենք չենք հայտարարել, որ չենք ճանաչում Թուրքիայի այսօրվա սահմանները: Այսինքն՝ Հայաստանը հողային պահանջ չունի, բայց ՀՀ-ն անօրինական Կարսի պայմանագիրը չի ճանաչում»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Թուրքիան տարբեր տարիներին փորձել է հասնել նրան, որ ճանաչեն Կարսի պայմանագիրը եւ օրինականացնեն անօրինական ձեւով խլված հողերը. «Ճիշտ է Հայաստանը չունի այն հնարավորությունը, որ հողերը հետ բերի, բայց Հայաստանը, որպես արժանապատիվ պետություն, կարող է հայտարարել, որ չի ճանաչում այն պայմանագիրը, որը հենված է իրավական անօրինականության վրա»:

Թուրքագետը համոզված է, որ այսօր Թուրքիայի նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը ճանաչի Կարսի պայմանագիրը եւ այսօրվա իշխանություններն ասում են՝ որեւէ խնդիր չկա, նախկին իշխանություններն էլ որեւէ պահանջ չեն ներկայացրել:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, որն ըստ Փաշինյանի, Սփյուռքի, Հայ դատի ճանաչման խնդիրն է, այդ հարցը միշտ եղել է անկախ Հայաստանի օրակարգում՝ սկսած 1990-ականներից եւ ամենակարեւորը՝ դա ամրագրված է փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով. «30 տարվա ընթացքում տարբեր պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիմա տարօրինակ կլինի հայտարարել, որ դա Հայաստան պետության հետ կապ չունի եւ դրանով զբաղվում են սփյուռքը, տարբեր կառույցներ»:

Նրա խոսքով, Ցեղասպանության 100-ամյակին Հայաստանն ընդունեց միասնականության հռչակագիր, որտեղ նշված է, որ Հայաստանը դիրքավորվում է որպես պետություն, որն աշխարհում առաջամարտիկ է ցեղասպանությունների դատապարտման, դրանք այլեւս չկրկնելու պայքարի եւ այլն. «Պատկերացրեք՝ Իսրայելը հրաժարվի ցեղասպանությունից»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ մեծագույն կեղծիք է նաեւ այն, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը երբեք չի լինելու Հայաստան. «Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ճանաչել է առանց Արցախի. Դա հստակ բացատրված է տարբեր հայտարարություններում, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունում՝ որ Արցախը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իրացնելով իր իրավունքները, որպես Սովետական միության քաղաքացիներ, եւ Ադրբեջանի հետ, կամ նրանից առաջ դուրս է եկել Խորհրդային միության կազմից:

Այսինքն՝ անկախ Ադրբեջանը երբ դուրս է եկել, իր կազմում արդեն չուներ Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար, երբ մենք ճանաչում ենք անկախ Ադրբեջանը, մենք ուզենք էլ՝ չենք կարող Արցախը ճանաչել նրա մաս, որովհետեւ Արցախը իրավական առումով նրա մասը չէր կազմում: Եվ, մանիպուլացնել՝ նախորդ բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախը, կեղծ է»:

Նա հարց է տալիս՝ եթե ճանաչել էինք, ապա ինչո՞ւ չէին ադրբեջանցիները վերցնում Արցախը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31