Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքո՞վ քայլենք». Եռաբլուրում շքեղ ամենագնացներն ու Մհեր Գրիգորյանի պատասխանը՝ ծառայողական մեքենան հանձնելու ու հեծանիվի անցնելու մասին

Հունվար 28,2022 13:08

Այսօր Եռաբլուրում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեցինք՝ այն, ինչ վերջին տարիներին չի փոխվում Եռաբլուրում, ձեր ծառայողական շքեղ ամենագնացներն են: Մհեր Գրիգորյանը անմիջապես ցույց տվեց իր մեքենան ու ասաց. «Իմ մեքենան ամենագնաց չի»:

Հարցրեցինք՝ այնուամենայնիվ, վարչապետը մշտապես քննադատում էր նախկին իշխանություններին ծառայողական մեքենաների համար, մինչդեռ հենց վարչապետի աշխատակազմում կա 12 ծառայողական մեքենա, 40 հերթապահ մեքենաներ, որոնց բենզինի ու վերանորոգման ծախսը միլիոններ են կազմում տարեկան,  դուք ե՞րբ եք հրաժարվելու ծառայողական մեքենաներից ու անցնեք գուցե էլի հեծանիվի, մետրոյի, ոնց որ հեղափոխության օրերին էիք անում:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած ձեր հարցը չեմ հասկանում, իրոք»: Նորից կրկնեցինք՝ ե՞րբ եք հրաժարվելու ծառայողական մեքենաներից՝ նա պատասխանեց. «Ոտքո՞վ քայլենք: Իրականության մեջ՝ հաճույքով, ես դրան էլ դեմ չեմ: Բայց ամեն դեպքում բերեք մեքենայի ֆունկցիան չգերագնահատենք էլի»:

Հիշեցրեցինք՝ ախր Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, Դանիայի խորհրդարանի Ռիկե Տուբորկին էր գրել ու ասում էր՝ «ցելի Դանիայի խորհրդարանում 1 հատ մեքենա կա» իսկ ամբողջ Դանիայում՝ 23 ծառայողական մեքենա, բա մենք հիմա ո՞նց այդ 23 մեքենայով չենք բավարարվում՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Անկեղծ ասած չեմ եղել Դանիայում, բայց որ գնամ, մի հատ ուշադիր կնայեմ՝ իրո՞ք այդ երկրում ընդամենը մեկ մեքենա կա, դա ունիկալ բան է»:

Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ մեքենաների թիվը կրճատվել է. «Հանրային բարեփոխումների գործընթացում նախարարությունների եւ պետական մարմինների թիվը կրճատվել եւ կրճատման միտում ունի: Առնվազն դա նշանակում է, որ մեքենաների թիվը…Ես ինքս չեմ էլ հաշվել, որովհետեւ դա այդպես էական չեմ համարում այսօրվա խնդիրերի շարքում, բայց հաստատ կրճատվել է ու դրա վրա կարծում եմ՝ պետք չի կենտրոնանալ»:

Դիտարկմանը, որ դա հանրային միջոցներին է առնչվում՝ փոխվարչապետը արձագանքեց, որ հանրային միջոցներին առնչվում է ամեն ինչ. «Միլիոնավոր դոլարների սուբսիդավորում պետք է անենք: Երեկ որոշումներ ենք կայացրել, խնդրում եմ՝ դուք էլ հետեւեք այդ որոշումներին: Եթե համադրության մեջ նայեք՝ ինչ է ֆինանսական ծավալը այդ միջոցառումների ու ինչ ծախսային ծավալների մասին եք դուք հիմա ինձ հարցեր տալիս, անհամադրելի է»:

Բացատրեցինք, որ այստեղ սկզբունքի հարց է, ոչ թե ծախսած միլիոնի քանակը, մի բան ասել եք, մեկ այլ բան անում եք՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ այստեղից: Համեցեք, գնանք միասին»:

Լրագրողները տարբերակներ առաջարկեցին՝ շրջեք երթուղայինով, տաքսիներով, ինչպես մենք՝ լրագրողներս՝ նա պատասխանեց «Բան չունեմ ասելու, եթե դա է ձեր ցանկությունը՝ քննարկենք, բայց դա արդյունավետ չէ»:

Հիշեցրինք Փաշինյանի խոսքերը, որ պաշտոնյաները պետք է երթուղայինում կռացած գնան, ինչպես քաղաքացիները՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում ասեմ, ձեր ակնկալվող պատասխանը ասեք»: Հուշեցինք՝ հանձնեք ծառայողական մեքենաները եւ ապրեք աղքատ քաղաքացիների պես՝ փոխվարչապետը խոստացավ մտածել այդ հարցի շուրջ ու հեռացավ իր ծառայողական մեքենայով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31