Լրահոս
Օրվա լրահոսը

Իբրև պետական մեծագույն արժեք՝ ազգային բանակը դատախազության հատուկ հոգածության ներքո է. Արթուր Դավթյան

Հունվար 28,2022 12:34

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ

Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:

Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խորը զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:

Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:

Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ:

Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:

Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:

Փա՜ռք մեր հերոսական բանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31