Դուք պաշտպանության նախարար եք, բանակի 30-րդ տարեդարձին ի՞նչ ունեք ասելու: Ի՞նչ կասեք, հիմա մեր բանակի բարեփոխումներն ի՞նչ փուլում են: Մեր բանակը զինվո՞ւմ է պատերազմից հետո, պարոն Պապիկյան: Հետպատերազմական Հայաստանի քաղաքացուն ի՞նչ ունեք ասելու բանակի բարեփոխումների մասին: Պատերազմից հետո մենք վերականգնվո՞ւմ ենք, թե՞ ոչ: Զինծառայողներն հետաքրքրում է աշխատավարձի բարձրացում, կա՞ն նման բան:
Ահա այս եւ այլ հարցեր Եռաբլուրում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին էին ուղղված:
Կարդացեք նաև
Նա անհաղորդ էր:
Միայն ասում էր. «Բարեփոխումներն ընթացքի մեջ են, ես հիմա ուշանում եմ, հիմա չեմ խոսելու: Ազգային ժողովում խոսել եմ»:
Նախարարական կազմը մի գծով շարվեց ու շարքի մեջ ազատ տեղ էր թողել մեկ հոգու համար:
Սպասում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Նախարարները ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմին, մոտեցան նաեւ քառօրյայի զոհերի շիրիմներին, գլուխ խոնարհեցին Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ:
Եռաբլուրում Պապիկյանին մոտեցավ մի կին, զոհվածի մայր էր, խնդիր ուներ: Երբ նախարարի թիկնապահները, օգնականները հորդորեցին դիմում-նամակն իրենց տալ, կինը համառորեն պնդեց, որ չէ, նախարարի հետ անձամբ է խոսելու: Երբ փորձ արեց մոտենալ, թիկնապահներից մեկը կնոջ թեւից բռնեց ու թույլ չէր տալիս ասելիքն ավարտել: Կնոջը պահեցին այդտեղ, իսկ Պապիկյանը հեռացավ տարածքից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Պապիկյանը քիչ անց հրավիրել է այդ կնոջն ու լսել նրա խնդիրը:
Նույն կինը մոտեցել էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, վերջինս քայլելու ընթացքում գոնե կանգնեց, լսեց կնոջը: Երբ բողոքող այդ կնոջը մոտեցանք ու փորձեցինք պարզել՝ ի՞նչ խնդիր ունի, որ պատկան մարմիններին փոխանցենք, նա հրաժարվեց ԶԼՄ-ների առջեւ հրապարակային խոսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ