Այսօր վաղ առավոտյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության պատգամավորների հետ այցելեց Եռաբլուրի պանթեոն:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը շրջեց Եռաբլուրում, խոնարհվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի առջեւ ու հեռացավ:
Մեր հարցին՝ ձեր շնորհավորանքի խոսքը չե՞ք ասելու բանակի տոնի առթիվ, չե՞ք խոսելու՝ նա գլխով «չէ» ասաց ու նստեց մեքենան:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցինք՝ Վազգեն Սարգսյանը մեզ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր թողել, այսօր ի՞նչ ունենք՝ նա պատասխանեց. «Այսօր ունենք բանակ, որն իր առջեւ դրված խնդիրները այս պահին կատարելով՝ կդառնա այն բանակը, ինչ ժառանգություն թողել է Վազգեն Սարգսյանը: Բայց դրա համար պետք է մեր նպատակները մեկտեղենք եւ դուրս գանք այն իրավիճակից, որի արդյունքում մենք ունեցանք 44-օրյա պատերազմում անհաջողությունները, այսինքն՝ պարտությունները: Դրա համար այն, ինչ նախանշված է կառավարության ծրագրում, պետք է դարձնենք իրողություն՝ կառուցել այն բանակը, որը պետք է լինի ժամանակակից սպառազինության, ինտելեկտուալ կարողությունների եւ իր առջեւ դրված խնդիրների կատարման տեսանկյունից անխոցելի»:
Հարցին՝ այսօր կարողանո՞ւմ ենք ձեռք բերել այնպիսի զինտեխնիկա, որ կարողանանք մրցունակ լինել թշնամու բանակի հետ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, այդ աշխատանքները առանց դրա հնարավո՞ր է: Մշտական նման խնդիրների լուծումով պետք է կառավարության ծրագիրն իրականացնենք: Յուրաքանչյուրը ինչ հնարավորություն ունի, պետք է ներդնի՝ ի նպաստ մեր ժողովրդի, մեր երկրի անվտանգության եւ մեր զինված ուժերի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ