Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե որեւէ տարի չի եղել, երբ հայ-թուրքական բանակցություն, նամակագրություն, կոնտակտ չլինի». Արարատ Միրզոյան

Հունվար 28,2022 11:29

Այսօր բանակի 30-ամյակին Եռաբլուրի պանթեոն էր այցելել արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարության մյուս անդամների հետ:

Միրզոյանին հարցրեցինք՝ այն պարտությունը, որը մենք ունեցանք 44-օրյա պատերազմում, այդ պարտությունից մենք դասեր քաղե՞լ ենք՝ նա պատասխանեց. «Պարտավոր ենք դասեր քաղել: Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ եւ բանակի ավելացմամբ, վերակենդանացմամբ: Որեւէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»:

Հարցրեցինք՝ այն քաղաքականությունը, որն այսօր վարում է իշխանությունը, ընդդիմության տեսակետով դա պղծում է Եռաբլուրը, դուք այդ տեսակետին չե՞ք՝ նա նախ ճշտեց՝ ո՞ր քաղաքականության մասին է խոսքը: Մասավորեցրինք՝ հայ-թուրքական երկխոսության: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպե՞ս է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե որեւէ տարի չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որեւէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի: Այնպես որ խնդրում եմ, այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թողեք, որ իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն: Բավակա՛ն է ապրել խաբկանքի մեջ, ժողովուրդ ջան, այն արհավիրքը, որ եղել է մեր հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է: Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել: Պետք չի գնալ բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, մի բան, իսկ տանը զանազան ԶԼՄ-ներով ու զանազան ամբիոններից հայտարարել բոլորովին ուրիշ բան եւ ուրիշ քարոզչություն առաջ տանել»:

Հարցին՝ հիմա ի՞նչ եք բանակցում՝ նա պատասխանեց. «Ինչ ես բանակցում եմ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որեւէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է»:

Հարցին՝ ընդդիմությունից զատ զոհվածների ծնողներ կան, որոնք ասում են՝ ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին թուրքերի հետ խաղաղության դարաշրջան մտնել, մենք ո՞նց ենք թուրքի հետ բարեկամություն անելու՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն ու պատասխանները տրվեն: Իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որեւէ կերպ չպետք է անցնենք: Մյուս կողմից մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք մոլորակի վրա, որ հարեւան պետությանն ետ ունեցել է շատ երկար հակամարտություն: Կրկնում եմ այն, ինչ գրված է կառավարության ծրագրում ու ինչ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում՝ մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղություն կառուցելու: Զոհվածների ծնողների հանդեպ ողջ հարգանքով հանդեպ, մշտապես հարգելով զոհվածների հիշատակը, անընդհատ մտածելով նաեւ զոհվածների հարազատների, ընտանիքի անդամների, ծնողների նուրբ զգացմունքների մասին, միեւնույն ժամանակ պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետեւ նրանք զոհվել են կյանքի համար, զոհվել են, որ մյուսները ապրեն: Որքան հիշենք եւ հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ պարտավորություն ունենք հոգ տանել նաեւ կենդանիների մասին, ողջերի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31