Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկի մեղադրանքը լրացվել է, կալանավորումը թողնվել անփոփոխ. Արցախի դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

Հունվար 28,2022 10:38
dataxazutyun

Ի ԼՐՈՒՄՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՓՈՐՁԻ ԴՐԴՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՆՑԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Ինչպես արդեն հաղորդվել էր, 30.09.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգը որպես մեղադրյալ էր ներգրավվել խարդախության և կաշառք տալու փորձի դրդչության մի շարք արարքների կատարման համար: Քրեական գործով տարված նախաքննության ընթացքում ի հայտ են բերվել ենթադրյալ հանցագործության նոր դեպքեր, որոնց քննության արդյունքում նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշման համաձայն՝ հիշյալ բժիշկը 2021 թվականի ընթացքում շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝

– Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,

-Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,

-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար,

– Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է.Հ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 300.000 դրամ գումար,

– Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից տեղահանված և ժամանակավոր Կարմիր Շուկա գյուղում բնակվող Ե.Գ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,

-Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի բնակիչ Գ.Գ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրա ամուսնուց ստացել ու հափշտակել է 150.000 դրամ գումար,

– Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից տեղահանված Ս.Մ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,

– ՀՀ Կապան քաղաքի բնակչուհի Օ.Ա.-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջինից ստացել ու հափշտակել է 240.000 դրամ գումար,

– պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում վիրահատություն կատարելու և դրա համար Հայաստանի Հանրապետությունից վիրահատական միջոցներ ձեռք բերելու կեղծ պատրվակով Ստեփանակերտ քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Հ.-ից ստացել ու հափշտակել է 265.000 ՀՀ դրամ գումար,

– ներկայանալով որպես փայտանյութի վաճառքով և դպրոցներին վառելափայտ մատակարարելու գործով զբաղվող անձ, փայտանյութի հերթական խմբաքանակի դիմաց վճարում կատարելու կեղծ պատրվակով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Յու.Դ.-ից ստացել ու հափշտակել է 280.000 դրամ գումար,

– տեղեկանալով բուժհիմնարկում գլխի վիրահատության կարիք ունեցող անձի առկայության մասին, վիրահատությունը բացառապես Հայաստանի Հանրապետությունից հրավիրված բժշկի կողմից կատարելու հնարավորությունը ներկայացնելու և այդ գործընթացը իր կողմից կազմակերպելու համար 1.300 ԱՄՆ դոլար գումար վճարելու կեղծ առաջարկությամբ դիմել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Մ.ին, ով ընդունել է առաջարկը, սակայն պայմանավորված գումարը չի փոխանցել, քանի որ բուժհիմնարկում տեղեկացել է, որ վիրահատությունը կատարում են արցախցի բժիշկները՝ անվճար, ինչպես նաև բացակայում է ՀՀ-ից բժիշկ հրավիրելու անհրաժեշտությունը:

Վերը ներկայացված արարքների կատարման համար ենթադրյալ հանցանքները կատարած անձին քննիչը առաջադրվել է նոր մեղադրանք, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31