Հայկական բանակի օրվա կապակցությամբ ցանկանում եմ, որ զինված ուժերում անհետաձգելիորեն իրականացվեն արմատական բարեփոխումներ՝ մարդկային, պետական և ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Մասնավորապես.
-Շարունակել ջանքեր գործադրել ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, զբաղվել վերադարձած ռազմագերիների բազմակողմանի ռեաբիլիտացիայով և հասարակության մեջ վերաինտեգրմամբ, շարունակական աջակցություն ցուցաբերել վիրավորվածներին և զոհվածների ընտանիքներին։
-Առողջացնել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, արմատախիլ անել ոչ կանոնադրական հարաբերություններն ու բռնության ցանկացած դրսևորում բանակում, կանխել ծառայակիցների հետ վեճերի կամ անփութության հետևանքով կյանքի կորուստները, պայքարել բանակում մարդու իրավունքների խախտումների դեմ։
-Բանակը վերակառուցել ժամանակակից մարտունակ բանակի չափանիշներին համապատասխան՝ նկատի ունենալով թե բանակի համապատասխան կառուցվածքը, և թե հրամանատարության, վերահսկողության և համակարգման մեխանիզմները։ Հատուկ ուշադրություն դարձնել ժամանակակից ստանդարտներով թե տեսական ռազմական կրթությանը և թե ֆիզիկական պատրաստվածությանը։ Այդ ուղղությամբ թե զարգացնել սեփական ներուժը, համագործակցել թե ավանդական դաշնակիցների և թե այլ միջազգային գործընկերների հետ։
Կարդացեք նաև
-Հայաստանի պայմաններում ներկայումս նպատակահարմար է հիբրիդային մոդելը՝ զորակոչի, արհեստավարժ բանակի, պահեստազորի / աշխարհազորի և այլ զինված ուժերի հետ համագործակցության համադրմամբ։ Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դպրոցական նստարանից նոր վերկացած նորակոչիկների օգտագործումն առաջնագծում։
-Արդիական պահանջների ու չափանիշների համաձայն ապահովել բանակի թե տեխնիկական վերազինումը, թե ենթակառուցվածքների բարելավումը, թե հանդերձանքը և ամենակարևորը՝ սահմանային դիրքերի կահավորումը՝ կիրառելով նորարարական լուծումներ և օգտագործելով նոր տեխնոլոգիաներ։ Հնարավորինս նվազեցնել զինվորականների կյանքի գնով պաշտպանության ապահովումը և բարելավել ծառայության պայմանները։
-Այս ամենի ֆինանսավորման համար մեծացնել պետական բյուջեի պաշտպանական ոլորտի ծախսերի արդյունավետությունը, թիրախայնությունն ու նպատակաուղղվածությունը, ոլորտից արմատախիլ անել կոռուպցիան, խրախուսել Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների ներդրումները վստահելի հիմնադրամների միջոցով, դիվերսիֆիկացնել միջազգային համագործակցությունը։
-Մշակել ներկայիս մարտահրավերները հասցեագրող պաշտպանության ռազմավարություն, ռազմական դոկտրին, զինված ուժերի հայեցակարգ։ Անհրաժեշտության դեպքում վերանայել զինված ուժերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը։ Բարելավել զինված ուժերի հանդեպ քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը։
Եվ վերջապես, մշակել և իրականացնել դիվանագիտական ռազմավարություն՝ ռազմական հակամարտությունից խուսափելու, վիճահարույց հարցերը հնարավորինս միջազգային քաղաքական և իրավական մեխանիզմների միջոցով լուծելու համար։
Սոսի Թաթիկյան
Անվտանգության հաստատությունների բարեփոխումների և կառավարման մասնագետ
28 հունվարի 2022 թ.