Ըստ ՍԴ դիմած Վճռաբեկ դատարանի՝ «Եթե փորձի դատական մեկնաբանության միջոցով լուծել բարձրացված խնդիրը, այն է՝ նոր հանրորեն վտանգավոր հետեւանքների վրա հասնելու փաստը «տեղավորելով» դատական ակտի վերանայման նոր երեւան եկած հանգամանքի ոչ սպառիչ ցանկում (ինչը խնդրել է բողոքաբերը), ապա կխաթարվի նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների տարբերակման ողջ էությունն ու տրամաբանությունը՝ նախատեսված ոչ միայն հայրենական, այլեւ միջազգային մակարդակով»:
2021 թվականի նոյեմբերի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը խնդրել էր որոշել. «… ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 68-րդ հոդվածի 2-րդ մասին, 75-րդ եւ 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»՝ հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքի, սոցիալական արդարության վերականգնման եւ հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաեւ հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր նախատեսելու, միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման: Ըստ դիմողի՝ կխաթարվեն նաեւ դատապարտյալի հիմնարար իրավունքները:
Դիմողը նշել է, որ բարձրացված իրավական խնդիրն օրենսդրական իրավակարգավորման այնպիսի թերություն է, որի պայմաններում անհնար է դառնում ապահովել դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ծագած՝ տուժողի մահվան փաստի հիմքով այդ ակտի բացառիկ վերանայումը: Մասնավորապես, նկատի ունենալով, որ մի կողմից՝ տուժողի մահվան փաստը չի կարող դիտարկվել որպես նոր երեւան եկած հանգամանք, մյուս կողմից՝ օրենսդրի կողմից չի նախատեսվել այդպիսի նոր հանգամանքի տեսակ, առաջանում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավական փակուղի՝ օրենսդրական ոչ լիարժեք կարգավորման հետեւանքով (բարձրացված խնդիրն առկա է եղել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մոդելն ունեցող Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում, ինչի առնչությամբ օրենսդրական բացի հարցը լուծվել է ՌԴ սահմանադրական դատարանի կողմից, ընդ որում՝ գործի փաստական հանգամանքներն, ըստ էության, նույնաբնույթ են):
Քրեական գործով տուժողի մահվան փաստով նոր երեւան եկած հանգամանքի քննության արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ խնդրելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 5-ի դատավճիռը եւ վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որպիսի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հարուցվել է դատական ակտի վերանայման վարույթ, եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Կարդացեք նաև
Դիմողը 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ այս տարվա հունվարի 14-ի ՍԴ աշխատակարգային որոշմամբ մերժվել է Վճռաբեկ դատարանի դիմումը, հիշեցնելով, որ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն, երբ դատարանները՝ 1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ եւ 2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն):
Մերժվել է մեկ այլ դատարանի դիմում նույնպես՝ «դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմել ՍԴ» պատճառաբանությամբ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին դիմել էր ՍԴ, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը (1-11-րդ էջեր), ՍԴ նախորդ որոշումները, նշելով, որ մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատավորը պարտավոր է ամբաստանյալին պարզաբանել ներկայացված մեղադրանքի էությունը, արարքի իրավաբանական որակումը: Ստացվում է, որ անգամ դատավորի համար այն պարզորոշ չլինելու պայմաններում իրավադրույթների անորոշության` դատական մեկնաբանությամբ հաղթահարումը դառնում է անհնար: Դիմողը եզրահանգել է, որ «… վիճարկվող նորմերը տարաբնույթ ընկալվելու դեպքում տարաբնույթ մեկնաբանությունները չեն կարող «հաղթահարվել» դատական մեկնաբանությունների արդյունքում»:
2022 թվականի փետրվարի 25-ին, ժամը 11.00-ին Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով լսվելու է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հունվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը: Գագիկ Խանդանյանը դիմել է ՍԴ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաեւ՝ նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով: Դատաքննությունը նշանակվել է մարտի 1-ին: Զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը:
Հունվարի 11-ին ընդունվել է որոշում գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Խոսքը «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի մասին է: Դատաքննությունը նշանակվել է մարտի 15-ին: Զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանը:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 19-ի ՍԴԱՈ-11 աշխատակարգային որոշմամբ՝ Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լեւոն, Մանուշակ Ալիխանյանների եւ այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվել էր մինչեւ համապատասխան տեղեկություններ ստանալը: Սահմանադրական դատարանը ստացել է քաղգործով վերոհիշյալ գործով պահանջված փաստաթղթերը եւ արձանագրել է, որ Ալիխանյանների եւ այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են, ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ գործի վարույթը կվերսկսվի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2022