Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է բեմադրելու ֆրանսիացի ճանաչված ռեժիսորը՝ դեռ որոշված չէ

Հունվար 28,2022 13:00

Հարցազրույց Առնո Բեռնարի հետ

– Մաեստրո, Երեւանի օպերային թատրոնի հրավերով առաջին անգամ եք այցելել Հայաստան, ըստ մեր տեղեկությունների՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերան բեմադրելու նպատակով։

– Ճիշտ է, առաջին անգամ եմ ձեր երկրում, բայց ոչ «Տուրանդոտը» բեմադրելու նպատակով։ Նախ ես պետք է ծանոթանամ թատրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, երաժշտախմբերին՝ մեներգիչներին, երգչախմբին…, հետո արդեն հարգարժան Կարեն Դուրգարյանի հետ մտքերի փոխանակման արդյունքում որոշենք ինչ ներկայացում բեմադրել։

– Արեւմտյան մամուլը գրում է, որ ձեր՝ օպերային ռեժիսորի կնքահայրը աշխարհահռչակ Նիկոլաս Ջոելն է։ Բայց մինչ նրա հետ ծանոթությունը հանդես եք եկել ձեր ծննդավայրի՝ Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես ջութակահար։

– Նվագախմբում կարճ եմ աշխատել, մոտ մեկ տարի։ Իսկ հետո արդեն, այո, Նիկոլաս Ջոելի կողմից հրավիրվել եմ որպես իր ասիստենտ։ Դա 1980-ականների վերջն էր։ Միաժամանակ նույն կարգավիճակով աշխատեցի Ժան-Կլոդ Օվրեի հետ։ Հետո արդեն ընդունվեցի Թուլուզի օպերային թատրոն, դարձյալ որպես ասիստենտ։ Կարճ ասած՝ որպես ասիստենտ երկար ճանապարհ եմ անցել ֆրանսիական (Լիոն, Ստրասբուրգ, Նիցցա, Փարիզ, Մոնտե Կառլո) թատրոններում, հետո արդեն Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իտալիայում եւ այլուր։

– Գիտենք, որ բեմադրություններ եք իրականացրել հռչակավոր թատրոններում նույնպես, օրինակ, Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետը»՝ Քովեն Գարդենում, Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուրը»՝ Մետրոպոլիտեն օպերայում եւ այլն։

– Ձեր նշած օպերաները այն շուրջ 35 ներկայացումների թվում են, որոնք ժամանակին իրականացրել է Նիկոլաս Ջոելը, ես դրանք վերականգնել եմ։ Երախտապարտ եմ իրեն, քանի որ ռեժիսորի կարիերաս սկսել եմ հենց նրա ղեկավարությամբ։

– Ձեր ստեղծագործական կենսագրությունում որպես առաջին ինքնուրույն աշխատանք նշվում է 1996թ. Թուլուզի օպերային թատրոնում Վերդիի «Ֆալստաֆ» օպերայի բեմադրությունը, հետո ներկայացվում է մեծ ցանկ համաշխարհին օպերային գրականության նմուշներից, այդ թվում՝ Վերդիի, Բիզեի, Պուչինիի, Մոցարտի, Չայկովսկու եւ մյուս մեծերի ստեղծագործուններից՝ շուրջ 20 օպերա արեւմտյան տարբեր թատրոններում։ Դրան հետեւում է մանրամասն տեղեկություններ ռուսաստանյան թատրոններում ձեր իրականացրած բեմադրություններից. 2010թ. Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում՝ 19-րդ դարի ֆրանսիացի կոմպոզիտոր Գալեվի «Հրեա կինը» («Ժիդովկա»), Պուչինիի «Բոհեմը», որը 2011-ին ռուսաստանյան «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխությանը ներկայացվել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, եւ այլն, եւ այլն։ Տպավորություն է, թե դուք այդ ժամանակից բնակվում եւ ստեղծագործում եք Ռուսաստանում։

– Ոչ, դա այդպես չէ։ Պարզապես վերջին շրջանում շատ հրավերներ եմ ստանում Ռուսաստանի թատրոններից։

– Եվ հենց Ռուսաստանում էլ հավանաբար ծանոթացել եք դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ։

– Կարեն Դուրգարյանը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Արեւմուտքում է հայտնի, այնպես որ, մի նեղացրեք ձեր բարձրակարգ դիրիժորի գործունեության աշխարհագրությունը (ժպտում է)։

– Բնականաբար, համագործակցել եք հայազգի այլ երաժիշտների հետ նույնպես։

– Իհարկե՝ այո. Հասմիկ Պապյան, Հասմիկ Գրիգորյան… կարող եմ երկար շարունակել։

– Ձեր կենսագրությունում մի հետաքրքիր դրվագ էլ կա. փորձերի ժամանակ երգչախմբին շատ ժամանակ տրամադրելը։

– Այո, դա այդպես է։ Չափազանց կարեւորում եմ երգչախմբի դերը ցանկացած բեմադրության մեջ։ Երգչախմբի արտիստները պետք է նաեւ հիանալի խաղ ցուցադրեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ շուրջ 80 հոգի կանգնի եւ երգի՝ առանց դերասանական դրսեւորման։ Օրինակ՝ «Արենա դի Վերոնայում» շուրջ 500 մասնակից է «Բոհեմ», «Նաբուկո» օպերաներում… Կարճ ասած՝ օպերայի բովանդակությունը հանդիսատեսին ներկայացնելու համար, կրկնում եմ՝ երգչախմբի դերը մեծ է։ Վերջերս Կորեայում էի։ Տպավորված եմ Սեուլի օպերային թատրոնի երգչախմբով։ Այստեղ մեծ է նաեւ խմբավարների դերը։ Նրանք պետք է աշխատեն ոչ միայն երգչախմբի պարտիան լավ յուրացնելու, այլեւ մեկնաբանելու ուղղությամբ։ Այ այստեղ չափազանց կարեւոր է դերասանական խաղը։ Այո, կարելի է ասել, որ ես հայտնի եմ երգչախմբի հանդեպ ունեցած իմ պահանջկոտությամբ։

– Դուք հայտնի եք նաեւ բեմադրություններում կենդանիներ ներգրավելով։

– Այդպես կտրուկ չէի ասի։ «Նաբուկո»-ում, այո, եղել են ձիեր, բայց թռչուններ, օձեր կամ գազաններ չեն եղել։

– Ժամանակակից ռեժիսուրայով բեմադրություններում ռուսաստանյան որոշ թատրոններ բեմ են հանում նաեւ գազաններ, ինչը, համաձայնեք, դիտարժան է։

– Գուցե։ Դա էլ պետք է պատճառաբանված լինի։

– Կողմնակից եք դասակա՞ն, թե՞ ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունների։

– Միանշանակ դժվար է պատասխանել։ Հիմա բեմադրվում են օպերաներ, որտեղ արտիստները ներկայանում են ջինսով ու բոթասներով… Գիտե՞ք՝ ճաշակի հարց է։ Նույնիսկ պատմական թեմայով ներկայացումներն էլ ժամանակակից հագուստով են բեմադրում… Այդ հարցին սպառիչ պատասխան չեմ կարող տալ։

– Ճի՞շտ է, որ պրեմիերաներից հետո այլեւս չեք դիտում ձեր ներկայացումները։

– Նման բան կար։ Հիմա որոշ չափով հրաժարվել եմ դրանից։ Պատճառը մեկն է՝ չեմ կարողանում տանել, երբ բեմում տեսնում եմ որեւէ սխալ, անճշտություն։ Կային ժամանակներ, երբ ներկայացումներիս օրերին լարվածությունս մեղմելու համար թատրոնի բարում վիսկի էի խմում (ժպտում է)…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31