Մեր երկրում գործող բիզնեսների, դրանց զարգացման համար այսօր լուրջ խոչընդոտ է հարկային համակարգը, որի հիմնական խնդիրը բազմաթիվ հարկատեսակներն են: Այս մասին մտահոգություն է հայտնում «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը:
«Եթե չեմ սխալվում, մոտ 25 հարկատեսակ կա, որ ոչ թե մեկ հաշվապահ, այլ՝ ինչ-որ մի փուլից հաշվապահների խումբ պետք է պահես, որ կարողանան այդքանից գլուխ հանել: Այս պահի դրությամբ հարկատեսակների պարզեցման հարցն արդիական է»,-ասում է Վահրամ Միրաքյանը: Հիմնական խնդիրը, միության նախագահի խոսքով, շրջանառության հարկից ԱԱՀ-ին՝ ավելացված արժեքի հարկին անցնելու հարցն է: Երբ բիզնեսի շրջանառությունը հատում է 114 միլիոն դրամի շեմը, բիզնեսը հայտնվում է ավելացված արժեքի հարկի դաշտում, ինչի արդյունքում մոտ 20 տոկոսով բիզնեսի հարկերն աճում են:
Վահրամ Միրաքյանի խոսքով, բիզնեսի միջին եկամտաբերությունը Հայաստանում 13-14 տոկոս է, երբ որ բիզնեսը շրջանառության հարկից անցնում է ԱԱՀ-ի դաշտ, միջին վիճակագրական բիզնեսը, կա՛մ պետք է 5 տոկոս մինուսով աշխատի, կա՛մ էլ պետք է 20 տոկոսով գինը բարձրացնի, որպեսզի կարողանա նույն շահույթն ունենալ՝ ինչ-որ նախկինում էր. «Արդյունքում, որ 20 տոկոս գինը բարձրացնում է, նրա բիզնես-մոդելը պայթում է: Եթե մտնեք մի խանութ, տեսնենք 20 տոկոսով գինը բարձրացել է, էլ չեք մտնի չէ՞ այդ խանութը, եւ այդպես նրա բիզնես-մոդելը կպայթի: Նրան նաեւ խանգարում է, որ կողքի խանութը շարունակում է աշխատել շրջանառության հարկով եւ սպառողը մտնում է կողքի խանութը»:
Միության նախագահի ներկայացմամբ, այդպիսի խնդիրներից խուսափելու համար բիզնեսները գալիս՝ հասնում են 112 միլիոն դրամ շրջանառության, եւ կանգնում են, չեն զարգանում, որպեսզի շրջանառությունը չավելանա եւ չհայտնվեն ԱԱՀ-ի դաշտում: Կամ էլ սկսում են մեքենայություններ անել՝ բիզնեսը տրոհել, ուրիշ Ա/Ձ-ներ բացել եւ պետության ու նաեւ իրենց համար դառնում են գլխացավանք: «Բայց, եթե նույնիսկ տրոհվում են, դա շատ վատ է: Որովհետեւ, բիզնեսը փոխարենն իր էներգիան ծախսի զարգանալու, մեծանալու վրա, ծախսում է՝ ոնց խաբի հարկայինին, որպեսզի հանկարծ իր բիզնեսը չփակվի: Ու հարկայինի հետ մուկն ու կատու են սկսում խաղալ: Հարկայինը գիտի, որ իրեն խաբում է, գալիս է բռնում է, բիզնեսն էլ գիտի, որ ինքը խաբում է, քանի որ, եթե չխաբի գները բարձրանալու են, պայթելու է: Բիզնեսի այդպիսի օրինակներ ունենք, որ, եթե 20 տոկոսով գինը բարձրացավ՝ հաջորդ օրը փակվելու են, որովհետեւ նրա կողքը մնացածներն աշխատում են ավելի մատչելի գնով»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ըստ Վահրամ Միրաքյանի, հարկային համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկը հենց շրջհարկի եւ ԱԱՀ-ի կտրուկ տարբերությունն է, որը կարելի է ասել՝ մուրճ է բիզնեսի գլխին. «Բիզնեսը հենց աճում է 110 միլիոն՝ գլխին տալիս են, ասում են՝ էլ մի աճի»:
Նրա խոսքով, այս հարցերը, միությունով, բազմիցս բարձրացրել են տնտեսական ոլորտի պատասխանատուների առաջ, եւ լուծումներից մեկը բոլորին ԱԱՀ-ի դաշտ մտցնելն է, ինչը սակայն, Վահրամ Միրաքյանի կարծիքով, շատ կտրուկ լարվածություն կառաջացնի բիզնես հանրության շրջանում. «Դա, կարելի է ասել, քաղաքական որոշում է: Հայաստանում մինչեւ 114 միլիոնը փոքր բիզնեսն է, իսկ մեր երկրում 76 հազար բիզնես կա, որից 71 հազարը փոքր է: Այսինքն՝ այս 71 հազարը, կամ նրանց կեսը կարող են դուրս գալ փողոց, ճանապարհ փակել, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի»:
Իսկ շրջհարկից ԱԱՀ-ի դաշտ անցնելը բիզնեսի համար, մեր զրուցակցի խոսքով, շատ լուրջ որոշում է, որովհետեւ նրանք ստիպված են փոխել իրենց բիզնես մոդելը. «Եվ շատերը չեն գնում այդ քայլին, նախընտրում են մնալ 110-ի շրջանակներում: Մի քիչ ՀԴՄ չեն խփում, գալիս նրանց տուգանում են, իրենք գիտեն, որ իրենց տուգանելու են, բայց ամեն դեպքում միլիարդի չեն հասնելու: Այսինքն՝ մենք օրենքով այնպես ենք արել՝ մարդկանց դրդում ենք ՀԴՄ չխփել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2022