Ջոն Լենոնի որդին՝ Ջուլիանը վաճառքի է հանել իրեր իր երաժշտական կոլեկցիայից՝ NFT-տոկենների տեսքով, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դրանց թվում նաեւ այն սեւ անձրեւանոցն է, որը Ջոն Լենոնը կրել է HELP ֆիլմի ժամանակ եւ որի նկարագրությունն առկա է Hey Jude երգում: NFT-ն բլոկչեյնի տեխնոլոգիայով ստեղծված նկարներ են, ինչպես բիտքոինը եւ այլ կրիպտոարժույթներ: Շատ հավաքորդներ հիմա հավաքում են այդ թվային տոկենները, թեեւ NFT-ի քննադատները կարծում են, որ դրանց շուկան չափազանց անկայուն է եւ կարգավորված չէ դրանց հետ կապված իրավական դաշտը:
Ջուլիան Լենոնը ի թիվս այլնի՝ վաճառքի է հանել նաեւ հորը պատկանող 3 GIBSON կիթառները եւ այն վերարկուն, որով Ջոն Լենոնը նկարահանվել է Magical Mystery Tour հեռուստաֆիլմում: Լենոնի որդու ձեւակերպմամբ, ամենահայտնի լոտը Փոլ Մաքքարթնիի էլեկտրոնային նշումներն են Hey Jude երգի գործիքավորման վերաբերյալ: Թվային նշումների մեկնարկային գինը սկսվում է 30000 դոլարից, սակայն ենթադրվում է, որ այն վերջում կկրկնապատկվի: Վաճառքից առաջացած հասույթը Ջուլիանը կուղղի իր White Feather բարեգործական հիմնադրամին: Օնլայն աճուրդը նախատեսված է փետրվարի 7-ին: NFT-տոկենները թվային պատկերի սեփականատիրոջ սերտիֆիկատն է, որով նույնպես կարելի է առեւտուր անել, ինչպես կրիպտոարժույթով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2022