Շիրակի մարզի բոլոր համայնքների դպրոցներում հիմնվել են նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող «Փառքի անկյուններ»։ Գարնանը դպրոցների բակում կամ հարակից տարածքներում կհիմնվեն նաև «Հավերժության պուրակներ», որտեղ 44 խորհրդանշական ծառեր կտնկեն։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհրդական Արթուր Նաջարյանն, ով համակարգում է Շիրակի մարզպետարանի կրթության, սոցիալական, ընտանիքի և երեխաների պաշտպանության ոլորտները, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ մարզի այն դպրոցները, որտեղ չեն եղել «Փառքի անկյուններ», մարզպետի հանձնարարականով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին ընդառաջ բացվել են։
Նոր ստեղծված «Փառքի անկյուններ»-ը նվիրված են 44 օրյա պատերազմում մարտիրոսվածներին։
Կարդացեք նաև
«Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի և երիտասարդության վարչության աշխատակիցների հետ այցելեցինք մարզի մի քանի գյուղական համայնքների դպրոցներ։ Եղանք նաև Կամո և Ախուրյան բնակավայրերի դպրոցներում։
Կամոյի դպրոցի տնօրենի որդին՝ փոխգնդապետ Արման Դրմեյանը, ևս զոհվել էր 44-օրյա պատերազմում։ «Փառքի անկյուններ»-ը կարծես սրբատեղի լինեն դպրոցի մանկավարժների և աշակերտների համար։ Առանձնահատուկ մեծարանքով են մոտենում և իրենց հարգանքի տուրքը մատուցում մեր հերոսների առաջ։
Մանկավարժական հանրույթը «Փառքի անկյուններ»-ի ստեղծումը անչափ կարևոր է համարում մերօրյա հերոսներին ճանաչելի դարձնելու, աշակերտների հայրենասիրական ոգին բարձրացնելու և դաստիարակելու համար։
Ակնհայտ էր, որ «Փառքի անկյուն»-ը հայրենասիրության ու հերոսություն խորհրդանիշ էր դպրոցի աշակերտների համար»,-ասաց Արթուր Նաջարյանը։
Մարզպետի խորհրդականը նաև տեղեկացրեց, որ մտադրություն կա Գյումրիում անվանական ծառեր տնկել անմահացած ամեն մի հերոսի հիշատակի համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ