Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ամեն ինչ գնար ճիշտ ուղղությամբ, ուրեմն բոլոր հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձած լինեին». թեժ քննարկում ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի և Սամադ Սեիդովի միջև

Հունվար 27,2022 23:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևի նախագիծը:

Զեկույցը պատրաստել են Ֆինլանդիան ու Շվեդիան ներկայացնող պատգամավորներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը: Զեկույցում գովասանք է հնչում ՀՀ-ի հասցեին՝ նշելով, որ երկիրը գրանցել է լուրջ ժողովրդավարական առաջընթաց: Բանաձևում ամրագրված է. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը 2018-ին ՀՀ քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման մեջ և հաջողությամբ դուրս է եկել ԼՂ հակամարտության պատճառով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից, որը հաղթահարվել է 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններով»:

Զեկույցի ներկայացումից հետո պատվիրակներն այս թեմայով ելույթներ ունեցան: Նրանց մեծամասնությունը հայտարարում էր ՀՀ-ի ժողովրդավարական զարգացման և ՀՀ իշխանությունների՝ եվրոպական արժեքները կիսելու, դրանց հետևելու և դրանց հասնելու համար ՀՀ իշխանությունների կամքի մասին:

Բանաձևին կողմ արտահայտվեցին ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները և փաստեցին ՀՀ ժողովրդավարական զարգացման մասին:

Սոցիալիստների խմբի ղեկավար Ստեֆան Շենախը հայտարարեց. «Հայաստանում ժողովրդավարությունն առաջ է գնում: 2018-ին տեղի ունեցավ երկրի քաղաքական ղեկավարության փոփոխություն, նոր կառավարությունը կառավարման հենց սկզբից ուներ խնդիր ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո, որն իրականացվեց ՌԴ-ի միջնորդությամբ, Երևանում բողոքի մեծ ալիքներ բարձրացան իշխանության հեռացման պահանջով:  Ուստի շատ մեծ զարմանք էր, որ այդ ամենից հետո ՀՀ կառավարությունը նույնը մնաց: Իշխող ուժը կրկին հաղթեց ընտրություններում»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին հնչեցրած գնահատականների համար, փաստեց. «Հիմնական վտանգը, որը սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը, գալիս է ոչ թե ներսից, այլ դրսից: Հույս ունեմ, որ ժողովրդավարական ուղիով, որն ընտրել է Հայաստանը, Հայաստանը միայնակ չի քայլի»:

ԵԽԽՎ-ի քվեարկությանը ներկայացված զեկույցի առիթով լրջորեն մտահոգված էին ադրբեջանցի պատվիրակները: Մասնավորապես ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն անգամ չէր կարողանում թաքցնել իր անհանգստությունն ու լարվածությունը: Նա հայտարարեց, թե իր համար սա դեժավյու է ու նշեց. «Մենք արդեն այս իրավիճակին ականատես եղել ենք: Այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանի ընտրությունը ԵԽԽՎ-ն զեկույցով համարեց առաջընթացային, սակայն հասկանալի էր, որ այդ զեկույցը չէր արտացոլում իրականությունը: Մի քանի տարի անց ՀՀ ժողովուրդն ինքը տվեց այս հարցի պատասխանը և Սերժ Սարգսյանին հեռացրեց վարչապետի աթոռից: Հիմա այս նոր զեկույցում նոր Հայաստանում մենք նորից չենք տեսնում իրականության արտացոլում»:

Սամադ Սեիդովը մի շարք փոփոխություններ ներկայացրեց, որպեսզի բանաձևում կատարվեն, սակայն բոլորն էլ մերժվեցին: Օրինակ՝ նա առաջարկում էր, որպեսզի զեկույցում չօգտագործվի Լեռնային Ղարաբաղ անվանումը, այլ ինչպես ինքն էր պնդում, օգտագործվի այն արտահայտությունը, որն այլ զեկույցում օգտագործել է Մոնիտորինգի հանձնաժողովը, և ամրագրվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտություն: Սրան դեմ արտահայտվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց. «Սամադ Սեիդովը սխալվում է: Տարիներ շարունակ հակամարտությունը կոչվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Ես հասկանում եմ, որ Սամադ Սեիդովն ուզում է վերացնել այդ անունը, ռեգիոնը, այնտեղ ապրող մարդկանց, բայց դա չի կարող անել»:

Սեիդով-Ռուբինյան հակամարտությունը երկար ծավալվեց: Սեիդովն ասում էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի, այն ավարտված է: Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան փաստում էր. «Բառացիորեն շուրջ երկու ժամ առաջ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Այն, ինչ ասում է Սամադ Սեիդովը, իրականությանը չի համապատասխանում»:

Տեսնելով, որ իրենց առաջարկած ոչ մի փոփոխություն չի ընդունվում Վեհաժողովի կողմից, Սամադ Սեիդովը հայտարարեց. «Ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ, երկարատև խաղաղությանն ուղղված համագործակցությունն ընթացքի մեջ է, երկու երկրները հաղորդակցվում են, ուստի մենք ուզում ենք այդ տրամադրությունները բերել նաև այստեղ: Ինչպե՞ս կարող ենք մենք թույլ չտալ, որ այս փոփոխությունները, ամրագրումները կատարվեն այս փաստաթղթում»:

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Եթե, ինչպես դուք եք ասում, ամեն ինչ գնում է ճիշտ ուղղությամբ, ուրեմն բոլոր հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձած լինեին, առանց զենքի քաղաքացիական անձինք վերջին ամիսների ընթացքում չպետք է սպանվեին Լեռնային Ղարաբաղում և մենք չպետք է վարեինք այս ոչ պատվաբեր քննարկումը: Այնպես որ, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ չի գնում»:

Մեկուկես ժամ քննարկումից հետո Վեհաժողովը 50 «կողմ», 32«դեմ» և 16 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը:

Լիագումար նիստն ավարտվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առցանց ելույթով, որում նա շնորհակալություն հայտնեց Վեհաժողովին, խոսեց ՀՀ-ում ընթացող բարեփոխումների մասին և հավաստիացրեց երկրի քաղաքական ղեկավարության քաղաքական կամքի մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31