Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորաններում դեմ են QR կոդին. «Մեկն ասաց, ես ո՞նց վստահ լինեմ, որ հաջորդ օրն իմ տվյալներով վարկ չեն դասավորի»

Հունվար 27,2022 23:03

Ինչպես տեղյակ ենք, հունվարի 22-ից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, համաձայն որի՝ հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, թատրոն, կինո, գրադարան եւ մի շարք այլ մշակութային գործունեություն իրականացնող տարածքներ այցելելիս քաղաքացու մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդի հավաստման, 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի կամ 24 ժամվա հակամարմնի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Կառավարության այս որոշումը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Մեզ հետ զրույցում, Վանաձորում գործող մի  ռեստորանային համալիրի տնօրեն Անի Ալեքսանյանն ասում է, որ որոշման մասին իմացել են լրատվական կայքերից, պաշտոնական ծանուցում իրենք չեն ստացել. «Բացասական կարծիք ունեմ, որովհետեւ միանգամից թիրախավորեցին հանրային սննդի օբյեկտները, ինչը չես ասի հանրային տրանսպորտի մասին, մոլերի մասին, որտեղ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվում, բայց QR կոդը չեն ստուգում:

Ի՞նչ տարբերություն, եթե մասսան նույնն է, մարդկային կուտակումները նույնն են: Որպես անհատ, ես դրան դեմ եմ: Բայց հուսով եմ, որ դատարանը շուտով այս որոշումն ուժը կորցրած կհամարի»,- ասաց Անին եւ շարունակեց. «Ռեստորանների ասոցիացիան հայտարարություն տարածեց, որ չենթարկվեն, աշխատեն նույն ռիթով, որովհետեւ նման օրենքը չի կարող ազդել: Սա հակասահմանադրական է, որովհետեւ մարդու տվյալներին չի կարող ոչ ոք տիրապետել»:

Անին նշում է, որ այս մի քանի օրերի ընթացքում բավականին դժգոհություններ են ստացել հաճախորդներից՝ կապված անձնական տվյալների հասանելիության հետ. «Մարդիկ կռվում են, ասում են, որ մենք պատվաստված ենք, պետական աշխատող ենք, չէինք կարողանա պատվաստված չլինենք, բայց չենք ուզում, որ դուք մեր անձնական տվյալներին տիրապետեք»:

Անիի խոսքով՝ հաճախորդները վախենում են, վերջիններս նշում են, որ գուցե իրենց տվյալներով գործարքներ կատարվեն. «QR կոդը, երբ որ մենք սկանավորում ենք, դրանով մարդու անձնական տվյալներն ունենում ենք: Նույնիսկ մեկն ասաց, ես ո՞նց վստահ լինեմ, որ հաջորդ օրն իմ տվյալներով վարկ չեն դասավորի: Դա կոպիտ խախտում է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31