Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ սակագների փոփոխություն․ «Վարորդները 2-3 ամիս երջանիկ կլինեն, հետո կզգան կտրուկ թանկացումը»

Հունվար 27,2022 22:44

Երեկվանից սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքյան խմբերում վարորդները բուռն քննարկում են ԱՊՊԱ պայմանագրի թանկացումը։ Ավոտապահովագրողների բյուրոյի խորհուրդը 2021 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է ընդունել, ապա ՀՀ կենտրոնական բանկն էլ Այս տարվա հունվարի 25-ին, այսպես ասած՝ հաստատել է այդ պարտադիր ապահովագրության վճարի ավելացումը։

Բյուրոյի որոշման մեջ նշվում է․« Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը»։

Առաջին հայացքից թվում է դրական փոփոխություններ պետք է լինեն, եւ ԱՊՊԱ-ն ընդամենը 3 հազար դրամով է ավելանում, սակայն վարորդների իրավունքներով զբաղվող փորձագետները, նաեւ հենց վարորդները բյուրոյի որոշման որոշ դրույթներ համարում են վտանգավոր, անընդունելի։

Ու թեեւ մեկ-երկու դրույթ կա, որ որոշ խումբ վարորդների համար դրական ազդեցություն կունենա, սակայն ընդհանուր առմամբ, ինչպես վարորդական խմբերում գրում են, այս որոշումը վստահություն չի ներշնչում։

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատուրովն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ այս որոշումը կայացվել է առանց հանրային քննարկման եւ իրազեկման, ինչի իրավունքը չունեին․«Չնայած ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է մասնավոր ընկերությունների հետ, ֆինանսական հատուցումն այդ ընկերություններն են տալիս, բայց խնդիրն այն է, որ սակագներ են փոխում պարտադիր ապահովագրավճարների համար, այլ ոչ թե կամավորի։ Այսինքն, պարտադիրի դեպքում սակագնի բարձրացման համար պետք է հանրային քննարկման դրվեր եւ լուրջ փաստեր ներկայացնեին»։

Բյուրոյի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցն առաջին անգամ ապահովագրողների համար սահմանվել է 41 հազար դրամ վճար։ Ընդ որում, բարձր ձիաուժով մեքենաների կամ տաքսի մեքենաների համար, որպես խոցելի խումբ, ապահովագրավճարը բարձր է եղել, հիմա բյուրոն որոշել է «արդար սկզբունք» կիրառել եւ, ինչպես նշված է որոշման մեջ, չեզոքացնել խմբային հատկանիշների վրա հիմնված ռիսկայնության գործոնների (ինչպիսիք են օրինակ ավտոտրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը և այլն) կիրառումը։ «Արդյունքում` այսուհետ կնույնականացվեն հիմնական և բազային ապահովագրավճարների չափերը։ Հետագայում՝ մինչեւ 2022թ դեկտեմբերի 31-ը, ընդունվելու են նոր կարգավորումներ, որոնք ենթադրելու են յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից արդեն անհատական ռիսկերի վրա հիմնված ապահովագրավճարների գնագոյացում»,-նշված է որոշման մեջ։

Արտակ Խաչատուրովի ներկայացմամբ՝ տաքսիների համար ԱՊՊԱ-ն էժանանում է, բայց այդ վարորդները երկու-երեք ամիս երջանիկ կլինեն, հետո կզգան կտրուկ թանկացումը։

Օրինակ՝ տաքսի մեքենայի համար ԱՊՊԱ-ն 41 հազար դրամ է դառնում, մինչ այս որոշումը մոտ 60 հազար դրամ էր։ Սակայն, այստեղ մի «ծուղակ» կա, չնայած խոցելի խմբերի համար ասենք 19 հազար դրամով ԱՊՊԱ-ն էժանանում է, սակայն եթե վթար լինի, ըստ վնասի գումարից՝ հետո ապահովագրավճարը բարձրանալու է, քանի որ բոնուս-մալուս համակարգի մեթոդն է փոխվում։ Ընդ որում, այս ծուղակը միայն խոցելի խմբի վարորդներին չի վերաբերում։

«Եթե 200 հազար դրամից ավել լինի վթարի հետեւանքով ձեր պատճառած վնասը, ապահովագրավճարը կբարձրանա հինգ մալուսային դասով, 100,000-200,000 դրամ վնասի դեպքում՝ չորս մալուսային դասով կբարձրանա, ու այդպես շարունակ։ Շատ թեթեւ վնաս պատճառելու դեպքում՝ մոտ 40 հազար դրամի, ասենք ձեր փոխարեն հատուցել են 40 հազար դրամը, բայց մոտավոր երեք տարի ձեզանից կամաց-կամաց գումարի մի մասը հետ են քաշելու, ստացվում է՝ մասնակի են փոխհատուցում, թանկացումով հետ են քաշում։ Պարզ ասած՝ 40 հազար վնասի դեպքում՝ մալուսային դասը բարձրանում է՝ ապահովագրության վճարն ասենք դառնում է 50 հազար դրամ ու այդպես շարունակ։ Այսինքն, ապահովագրական ընկերությունն ուզում է վարորդը տարեկան ապահովագրության գումար վճարի, վթար չանի, ապահովագրականն էլ երջանիկ ապրի՝ առանց հատուցումների»,-ասում է Խաչատուրովը։ Նա մեկ այլ անարդարություն էլ է նշում․ «Մարդիկ փոքր ավտոմեքենա են գնում, մալուսը տասներորդ դաս պիտի լինի, մոտ 18 հազար ապահովագրություն, բայց իրենց միանգամից տեղավորում են 41 հազարի մեջ: Սա էլ անընդունելի եմ համարում»,-ասում է Խաչատուրովը

Խաչատուրովի կարծիքով՝ այս փոփոխությունը չի նպաստելու երթեւեկության բարելավմանը, վարորդների կարգապահության բարձրացմանը, դա ճանապարհային ոստիկանության գործառույթն է։
Այս որոշման մեջ նշված է, որ վերջին մի քանի տարում ավտոմեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի գները աճել են ու հանգեցրել հատուցումների ծավալի մեծացմանը։ Սա Խաչատուրովը անհիմն է համարում․«Հաշվարկե՞լ են՝ քանի՞ մեքենայի են որպես նոր դետալ հաշվարկել, գրեթե բոլորը երկրորդական շուկայի դետալներ են ու հաշվարկներն էլ այդպես են գնում»։

Այս ոլորտը կարգավորողները դաշտում մրցակցության մասին էլ մոռացել են, այս նոր նախագիծն էլ ոչ մի կերպ չի նպաստելու մրցակցությանը։ «Մրցակցություն չի լինի, այսքան տարիների ընթացքում էլ ոչինչ չփոխվեց, մրցակցության տեղ չեն թողել, քանի որ ասենք X մեքենայի ապահովագրության առավելագույն եւ նվազագույն արժեքի միջեւ տարբերությունը մոտ 3 հազար դրամ է, ընդ որում, այս միջակայքը ոչ ոք չկիրառեց։ Մենք գործ ունենք ֆինանսական համակարգի հետ, որոնց համար օրենսդրական դաշտը երկրորդական է, առաջնայինը ֆինանսական հոսքն է»,-ասում է Խաչատուրովը։

Վարորդների շրջանում բողոքի ալիք է հասունանում ընդդեմ այս որոշման, համենայնդեպս, արդեն քննարկումներ կան, թե քայլեր պետք է նախաձեռնեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ վարորդական խմբից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31