Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի, նրա բարեկամների ու այլ պաշտոնյաների վերաբերյալ Բորիս Ավագյանի սկանդալային հայտարարությունները քննության առարկա կդառնան

Հունվար 27,2022 21:12

ՀՀ իրավասու մարմինների կողմից Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում չէր կարող հայտարարվել, քանի որ նա մինչեւ վերջերս գտնվել է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության ներքո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությանը, թե Ռուսաստանում իր ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` իրեն ամեն գնով վերադարձնելու Հայաստան:

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություններ էր արել ՝ պատմելով, որ աջակցել է մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Ըստ նրա՝ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից եւ նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին իրեն էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար Գոռ Աբրահամյանի խոսքով, Բորիս Ավագյանը, որպես մեղադրյալ ներգրավված է Փողերի լվացման հետ կապված ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով. «Դատախազությունից որեւէ միջնորդություն Ռուսաստանի դատախազությանը նրան այնտեղ արգելանքի վերցնելու հետ կապված չի ներկայացվել: Նրա կատարած հայտարարությունները իրականության հետ կապ չունեն: Ոչ պաշտոնապես տեղեկացված ենք, որ նա գտնվում է ՌԴ-ում , այդ կապակցությամբ առերեւույթ ապօրինի սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սկսվել է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում տվյալներ են առկա, որ ՌԴ-ում եւս քրեական գործ է քննվում, որի շրջանակներում նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հայտարարվել հետախուզում:

Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ արգելանքը կիրառվել է ՌԴ-ում քննվող այդ գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է նրա այն հայտարարություններին, թե ինչ-որ հանցավոր սխեմաների, մեխանիզմների հետ է առնչություն ունեցել, Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ, այդ հայտարարությունները վարույթ իրականացնող մարմին է ուղարկվել իրեն վերաբերող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»:

Գոռ Աբրահամյանը 2018-ից հարուցված ու քննվող փողերի լվացման գործի վերաբերյալ մանրամասներ չցանկացավ ներկայացնել: Նա նաեւ չասաց՝ ովքեր ինչ կարգավիճակով են այդ գործում ներգրավված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի դեմ մեղադրանքների եւ պնդման առնչությամբ, թե այդ գործի քննությունը տարել է ԱԱԾ-ն՝ դեռ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ, վերջինս «Հրապարակի» հարցին, թե Շուշանիկ Ներսիսյանը ի՞նչ կարգավիճակով է անցել այդ գործով՝ ասել էր․ «Բորիս Ավագյանին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ վերջինս իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել է փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ նա անգամ որոշ ժամանակ այդ քրեական գործի շրջանակներում եղել է անազատության մեջ: Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, իմ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ: Այլ մանրամասներ չեմ կարող մտաբերել և խորհուրդ կտամ վերը նշված գործերի վերաբերյալ տեղեկություններ հայցել ՀՀ իրավապահ մարմիններից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31