Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարը, բացի մարմինը կրթելուց, կրթում է նաև երեխայի աշխարհայացքը». Սուրեն Մխիթարյան

Հունվար 27,2022 20:50

«Հինգ տարեկանից սկսեց պարել, պարում էր ամեն տեղ ու անընդհատ ու իր կյանքն առանց պարի չէր կարողանում պատկերացնել։ Անկեղծանում է՝ սկզբում դժվարությամբ էր գնում պարի, բայց հետո իրեն դժվարությամբ էին պարի խմբակներից տուն բերում». մեր զրուցակիցը պարող, բեմադրիչ-պարուսույց Սուրեն Մխիթարյանն է, որը հանրությանն առավել հայտնի դարձավ «Արմենիա » և «Շանթ» հեռուստաընկերությունների պարային նախագծերից։

Բազմաթիվ անգամ հայոց եռագույնը միջազգային պարային նախագծերում բարձրացել է հենց Սուրենի շնորհիվ։ Ասում է, որ մինչ օրս չի մոռանում 1998 թվականը. «Հայաստանն առաջին անգամ սպորտային պարերի պատմության մեջ գրանցեց իր ամենամեծ ու շռնդալից հաղթանակները։ Չորս ոսկե մեդալ, որից մեկը նվաճել էի հենց ես։ Ես արդեն մասնագիտացել էի սպորտային պարերի եվրոպական ճյուղի մեջ։ Ու հետագա բոլոր հաջողությունները հենց եվրոպական պարաձևում էին։ Այդ հաղթանակից հետո էլ սկսվեց ամեն ինչ»։

Սուրենը առանձնացնում է իր կարիերայի հիշարժան տարեթվերից ևս մեկը. 2003 թվականն էր, նա դարձավ Արևելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիր, որից հետո նրան շնորհվեց սպորտի վարպետի կոչում. «Չնայած մի փոքր ուշ, բայց ունեմ այդ տիտղոսը, (ժպտում է֊-Ն.Գ.): Եվ այդ կոչումը շատ պարտավորեցնող է»:

Սուրեն Մխիթարյանը Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է։ Բայց մինչ այդ հասցրել է լինել Հայաստանի բազմակի չեմպիոն, Կովկասի կրկնակի չեմպիոն ու գավաթակիր, Արևելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիր, որին հետևել է սպորտի վարպետի կոչումը, այնուհետև պարուսույցի կարիերան։ Կոչումներին հանգիստ ենք թողնում ու մտքով տեղափոխվում ենք 1988 թվական. ասում է, որ պարի նկատմամբ սերն արթնացավ հատկապես 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ Գյումրիից ընտանիքով տեղափոխվեցին Երևան. «Սկսեցի պարապել Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ նախկին Պիոներ պալատում։ Հիշում եմ, 8-10 տարեկան տղա էի ու փորձերից հետո միշտ դուրս էի գալիս ու դիմացի այգում տարեքի մեջ ընկած՝ սկսում էի վալս պարել։ Մեկ ծառին էի կպնում, մեկ՝ մարդկանց։ Պարում էի ամեն տեղ ու ինձ արդեն կանգնեցնել չէր լինի։ Հետո արդեն ուսումս շարունակել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի ռեժիսուրա բաժնում՝ Վիլեն Գալստյանի արվեստանոցում»։

Բալետում կամ այլ պարաձևերում Սուրենն իրեն չէր տեսնում ու երբ ընդունվեց ինստիտուտ, արդեն երկար տարիներ զբաղվում էր սպորտային պարերով. «Եվրոպական պարաձևերը իմ տարերքն են: Այն ավելի դասական, էլեգանտ պարաոճ է: Իմ նախընտրելի և սիրելի կերպարն է և հոգեվիճակը»:

Սուրենն ասում է, կյանքի մի փուլում գալիս է մի ժամանակ, որ ուզում ես պարզապես փորձդ, պրոֆեսիոնալիզմդ փոխանցես սերունդներին։ Իսկ եթե տեսակով էլ ուսուցիչ ես, ապա ինչպես ասում են, պարուսույցի ճանապարհը հենց քոնն է. «Ես սովորելու տարիներին արդեն տիրապետում էի պարային բեմադրությունների հմտություններին, քանի որ մեր բաժինը կոչում էր պարարվեստի ռեժիսուրա ու այն ավարտելուց հետո հանգիստ կարող էիր բալետմայստեր- ռեժիսոր աշխատել»։ Ութ տարի «Մատադոր» պարային ակումբում դասավանդելուց, մի քանի պետական կառույցներում, մշակույթի տներում ու պարային ստուդիաներում աշխատելուց հետո 2010 թվականին հիմնեց իր սեփական պարի ստուդիան՝ «ERA» սպորտային պարերի ակումբը։

«Ընդունելությունը սկսում ենք հինգ տարեկանից։ Սխալ է 3-4 տարեկան երեխային տանել պարի։ Մինչև 16 տարեկանների համար պարապմունքներն ուսուցողական են, դրանից բարձր տարիքայինների համար՝ սիրողական։ Պարը ունի յուրահատուկ լեզու և ամենաթաքուն մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները կարող ես արտահայտել։ Պարը, բացի մարմինը կրթելուց, կրթում է նաև երեխայի աշխարհայացքը։ Հետևաբար, շատ կարևորում եմ աշակերտների հետ անմիջական շփումն ու մտերմությունը։ Ես իմ դասերին առաջին հերթին ձևավորում եմ նաև լավ քաղաքացու, չհանձնվող մարդու տեսակին։ Հենց այդպիսի մարդիկ կարող են միջազգային ասպարեզում բարձր պահեն մեր երկրի անունը»,- ասում է մեր զրուցակիցը։

Սուրենը նշում է նաեւ, որ իր հաջողության բանաձևի հիմքում աշխատասիրությունն է ու նվիրվածությունը՝ արածդ գործի հանդեպ. «Այդ գաղափարով ես առաջնորդվել եմ միշտ ՝դա կլինի պարելու տարիներին, ստուդիայում դասավանդելիս, թե ֆեդերացիայում, գործադիր տնօրենի պաշտոնի անցնելուց հետո: Պետք է սիրես աշխատանքդ և հաջողության կհասնես»:

Նկատում եմ, թեեւ բազմաթիվ եւ հեղինակավոր մրցանակների, իրեն ճանաչում բերեցին հատկապես հեռուստաշոուները։ Օրինակ՝ «Երբ պարում են աստղերը», «Պարիր, թե կարող ես», «Պարահանդես» և այլն։ «Այո, այդ նախագծերը իմ մասնագիտական ճանապարհին հաջողության գրավականներից են։ Պատկերացրեք, այս նախագծերում ես հանդես էի գալիս ոչ միայն որպես պարող, այլև որպես խորեոգրաֆ։ Աշխատում էինք օրական 36 ժամ ու մեկ շաբաթվա ընթացքում պետք է հասցնեի պարեր բեմադրել թե՛ իմ, և թե՛ այլ զույգերի համար։ Դա յուրօրինակ փորձություն էր ու նոր հնարավորությունների սկիզբ, ուսուցողական բոլորիս համար»։

Զրուցակիցս նկատում է, որ նման նախագծերի միջոցով հետաքրքրությունը սպորտային պարերի նկատմամբ մեծանում էր ու շատերն այդ ժամանակ ցանկանում էին պարող դառնալ. «Հիմա, ցավոք, այդ հետաքրքրությունը նվազել է։ Մենք՝ հայ մասնագետներս, քիչ հնարավորություն ունենք ինքնակրթվելու, զարգանալու։ Մենք պետք է շատ ճամփորդենք, հնարավորության դեպքում վերապատրաստվենք, վարպետաց դասեր վերցնենք դրսի մասնագետներից, և այդ փորձը բերենք մեր երկիր։ Աշխարհ տեսնելը արվեստագետի համար կարևոր նախապայման է»։ Իհարկե, նկատում է, նաև, որ այդ ամենը իրականացնելու համար ֆինանսներ են պետք. «Գալիս-հասնում ես մի կետի, որ արդեն անհրաժեշտ է լինում պետության ու հովանավորների աջակցությունը՝ ավելի մեծ միջազգային մրցույթների, սեմինարների մասնակցելու, անհատական դասեր ունենալու, որակավորումդ է՛լ ավելի բարձրացնելու համար, բայց այդ ֆինանսավորումը կա՛մ չի լինում, կա՛մ շատ քիչ է լինում»։

Սուրեն Մխիթարյանը ոլորտի մեկ այլ խնդիր էլ է մատնանշում. ասում է՝ կան մարդիկ, որոնք անցած ճանապարհ ու մասնագիտական որակավորում չեն ունենում և զբաղվում են սպորտային պարերով. «Օրինակ, գնում են ինչ-որ մի տեղ, 2-3 տարի սովորում են ու խումբ բացում։ Բայց չէ՞ որ մեկը կարող է, օրինակ, ողնաշարի խնդիր ունենալ, և պարուսույցը դա չիմանալով կարող է վնասել։ Իհարկե, մենք՝ ֆեդերացիայի կազմով, հետևում ենք, փորձում հնարավորինս սահմանափակել նման ստուդիաների գործունեությունը, որովհետև մեր բոլոր ակումբներն ունեն մասնագետների որակավորման մասին վկայող սերտիֆիկատներ»։

Սպորտային պարերի ֆեդերացիան անընդհատ քայլեր է ձեռնարկում Հայաստանը միջազգային ասպարեզ դուրս բերելու համար. «Անցած տարի տեղի ունեցավ Սպորտային պարերի աշխարհի երիտասարդների առաջնությանը՝ 40 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ, որին մասնակցել են մոտ 1500 մարզիկ։ Մեր ներկայացուցիչները մի շարք մրցանակների են արժանացել։ Իսկ այս տարի մարտին պատրաստվում ենք անցկացնել Հայաստանի պաշտոնական առաջնությունը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31