Լրահոս
Օրվա լրահոսը

Դոկտոր-պրոֆեսորը հեռացավ Գյումրիից․ ավստրիական մանկական հիվանդանոցը տնօրենի նոր ժ/պ ունի

Հունվար 27,2022 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար  Սամվել Ավետիսյանը, որը բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի պետական բժշկական համալսարանում․ եղել է պրոռեկտոր, բժշկական համալսարանի ախտաֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ, օրերս ազատման դիմում էր գրել  ու հեռացել  Գյումրիից։

Նրան Գյումրի էր հրավիրել Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Թե ո՞րն էր  նրա ազատման պատճառը, պաշտոնական որևէ մեկնաբանություն չի հնչել։ Մենք դիմեցինք Սամվել Ավետիսյանին, որպեսզի նա պարզաբանի, սակայն վերջինս չցանկացավ խոսել։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այսօր մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան  (նախկինում «Միջազգային Կարմիր Խաչի» անվան) պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը։

«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Հովհաննես Վարձելյանն այսօր նշանակվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող՝ մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը։

Մարզպետարանի պատասխանատուներն այսօր հիվանդանոցի աշխատակազմին են ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին՝ մաղթելով համատեղ աշխատանքային հաջող ընթացք։

Ավելի վաղ, նախկին տնօրենի պարտականություններն իրականացնող Սամվել Ավետիսյանն ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն»-գրված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Հովհաննես Վարձելյանը միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի անդամ է, ակադեմիկոս, նաև Շիրակի մարզի ատամնաբույժների միության նախագահն է։ Նա 6 տարի է՝ գլխավորում էր պոլիկլինիկան։

Մեր տեղեկություններով, Հովհաննես Վարձելյանի փոխարեն պոլիկլինիկայում տնօրեն են նշանակելու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աստղիկ Բեյբությանին։ Նա ևս մասնագիտությամբ ատամնաբույժ է․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը միավորվեց Գյումրի բժշկական կենտրոնին, Աստղիկ Բեյբությանն էլ օրերս նշանակվել է Գյումրի Բ/Կ-ի ամբուլատոր ծառայության ղեկավար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31