«Սեղմ ժամկետում է դիմումն ընդունվել վարույթ, կարող ենք պարզաբանում ներկայացնել, եթե կասկածները փարատվեն՝ շարունակենք գործի քննությունը, եթե ոչ՝ դուք կարող եք միջնորդությունն այլ փուլում ներկայացնել»,- դիմելով պատասխանողի ներկայացուցչին, ասաց ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
Հիշեցնենք, ՀՀ վարչական դատարանում այսօր քննվում էր Վարդենիսի ընտրությունների գործը: Համայնքի ավագանու ընտրությունները վիճարկելու դիմում ներկայացրել են ավագանու ՔՊ-ական անդամները:
Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Կարդացեք նաև
Անհամապատասխանություններ կային հայցվորների անձնագրային եւ դատարան ներկայացվող դիմումի ստորագրությունների միջեւ, նաեւ դիմումի պետտուրքի վճարման անդորրագրի վրա մի անուն-ազգանուն է, որը կապ չունի այս գործով անցնող կողմերի հետ եւ այլն:
Դատավորը ողջամիտ համարեց կողմի բերած փաստարկները, սակայն, առաջարկեց դատարանի բացատրությունները՝ գործը շտապողաբար վարույթ ընդունելու հետ կապված, ներկայացնել գործի քննության ընթացքում:
«Ցանկանում ենք պարզաբանվի, բայց դատական ակտի տեսքով»,- եղավ պատասխանողի արձագանքը: Վարազդատ Հարությունյանը նաեւ հավելեց, որ գրավոր հիմքն իրենց անհրաժեշտ է հետագա գործողությունների համար, եթե դատարանը դատավորի բացարկի միջնորդությունը մերժի:
Հայցվորի ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ՝ պարզաբանելով, որ դատավորի բացարկի հիմքերը բավարար չեն:
Նիստն ընդմիջվեց մինչեւ 17.00-ն, թեեւ պատասխանողի ներկայացուցիչը հիշեցրեց, որ այսօր նախատոնական է եւ աշխատանքային օրն ավարտվում է մեկ ժամ շուտ, այսինքն՝ 17.00-ին:
Արդեն 17-ին, դատավորը հայտարարեց, որ չի հասցրել դատական ակտը կազմել եւ դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ