Սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն իրենց գլխավոր խնդիրը համարում են նոր աշխատատեղերի բացակայությունը: Aravot.am-ի հետ զրույցում Նորաշեն համայնքի բնակիչները նշեցին, որ հիմնականում գյուղի երիտասարդներն են բախվում այդ խնդրին: Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար հողի մշակումն ու անասնապահությունն է հիմնական զբաղմունքը:
Կատարված ներդրումների առումով Բերդի տարածաշրջանը, կարծես թե, պասիվ չէ: Այստեղ է գտնվում շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը: Այն ընդլայնել է իր գործունեությունը և մասնաճյուղ է բացել նաև Պառավաքար համայնքում, որը 3 կողմից հարևան է ադրբեջանական գյուղերին: «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը Aravot.am-ին նշեց, որ գործունեությունն իրականացնում են Բերդ, Չորաթան, Պառավաքար և Արծվաբերդ համայնքներում:
Ընդհանուր առմամբ, ընկերությունը կարողացել է ստեղծել շուրջ 1200 աշխատատեղ: Ձեռնոցների արտադրությամբ զբաղվող ընկերության միջին աշխատավարձը կազմում է շուրջ 150 000 դրամ: Աշխատակիցները հիմնականում հարակից համայնքներից են՝ հիմնական մասը երիտասարդներ: Նման ներդրողների ավելացման արդյունքում բնակիչներին մտահոգ խնդիրները կստանան իրենց լուծումը՝ ապահովելով նաև նրանց բարեկեցիկ կյանքը:
Լուսանկարը՝ համացանցից
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ