Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրվա ռեստորաններում․ QR կոդի պահանջը զայրացնում է հաճախորդներին

Հունվար 27,2022 18:33

Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գործող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումը, համաձայն որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթը, ի՞նչ ազդեցություն է թողնում ռեստորանային բիզնեսի վրա, արդյո՞ք խնդիր չի առաջացնում։

Կարեն Հարությունյանն ասաց, որ հինգ օր է՝ անընդմեջ ստուգումներ են իրենց ռեստորանում,  իրենք խստորեն պահպանում են պահանջը, սակայն  այն առաջին  հերթին դուր չի գալիս  ռեստորանի հաճախորդներին։  Երբ փորձում են  QR կոդ պահանջել, քաղաքացիներից շատերը բորբոքվում են, նյարդայնանում, չեն ցանկանում ցույց տալ։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, այս հինգ օրերին նկատելի է հաճախորդների թվաքանակի նվազում։ Նույնիսկ եղել է դեպք, երբ 18 հոգանոց խմբով այցելել են ռեստորան, նրանցից երկուսը QR կոդ չեն ունեցել, ռեստորանում նրանց ներս չեն թողել, մյուս 16 հոգին էլ նեղանալով հեռացել են՝ չմասնակցելով միջոցառմանը։

«Այդ մի օրինակը չէ, նման դեպքերն այս օրերի ընթացքում շատ են, եթե գումարային տեսքով հաշվենք, հենց այդ դեպքի պատճառով մեծ գումար կորցրեցինք այդ օրը։ Պարզ է, որ ֆինանսական մեծ վնաս ենք կրում, պատկերացրեք ամսվա կտրվածքով ինչ վնասներ կկրենք։ Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով բավական երկար ժամանակ չենք աշխատել ու դեռ ուշքի չեկած՝ նոր հարված ենք կրում։

Եթե մարդը չունի QR կոդ, չեմ կարծում ռեստորան այցելելու համար անպայման կգնա, կպատվաստվի։ Ես չեմ ասում, թե դեմ եմ պատվաստմանը, մեր ամբողջ աշխատակազմը՝ մոտ 40 հոգի բոլորը պատվաստված են։

Ուղղակի այստեղ մի նրբություն կա․ եթե նման որոշում է ընդունվում, իմ կարծիքով՝ դա պիտի պարտադիր լինի ոչ միայն հանրային վայրերում, այլ տրանսպորտում, խանութներում ու բոլոր այն վայրերում, որտեղ օրվա ընթացքում կարող է լինել քաղաքացին։ Տեսեք, նախքան սննդի վայր հասնելն այդ նույն քաղաքացին օգտվում է երթուղային տրանսպորտից, խանութ մտնում ու հետո ասենք որոշում է գալ սննդի օբյեկտ, այդ ընթացքում նրանից ոչ մի տեղ QR կոդ չի պահանջվել, չեն ստուգել ու հանկարծ սննդի օբյեկտում են պահանջում։ Բնականաբար, քաղաքացին այդ ընթացքում կարող է վարակվել ու գալ սննդի օբյեկտ՝ վիրուսն իր մեջ  կրելով»,-ասում է Կարեն Հարությունյանը։

Ըստ Կարեն Հարությունյանի, ռեստորանում առնվազն նոր հաստիք է պետք, որ ամբողջ օրը մուտքի մոտ ստուգի QR կոդերը։ Ըստ նրա, հավելյալ աշխատանք է ստացվում․  գործատուն մեծ  վնասներ է կրելու․ ներկա պահին  այս որոշմամբ պայմանավորված՝ ոչ միայն սննդի օբյեկտների ֆինանսական շրջանառությունն է նվազում, այլ նոր հաստիք բացելու անհրաժեշտություն առաջացնում։

Մեր զրուցակիցն առաջարկում է կառավարությանը գոնե այս հարցում օգնել, ըստ նրա, կառավարությունը  կարող է միջնորդել կամավորներ տրամադրելու, որոնք կլինեն բժշկական համալսարանի կամ ուսումնարանի ուսանողներ և իրենց  պրակտիկան կանցակցնեն հանրային  վայրերում՝ հսկելով QR կոդերի առկայությունը ու մասնագիտորեն կբացատրեն, թե ինչու է պետք պատվաստվելը։

«Հաճախորդներն այնքան հարցեր են տալիս՝ ինչո՞ւ պիտի պատվաստվենք, դա մեզ ի՞նչ կտա, ինչո՞ւ եք պահանջում QR կոդ, մեր աշխատակիցը,  բնականաբար, չի կարող մասնագիտորեն բացատրել՝ ինչի՞ համար  պիտի պատվաստվեն,  կամ ի՞նչ կտա նման որոշումը, թող այդ մարդիկ գան, ճշգրիտ բացատրություն տան այդ հարցերին։

Կարծում եմ գովազդներից կամ  տեսահոլովակներից բացի, սա էլ միջոց կլինի մարդկանց  իրազեկելու պատվաստման անհրաժեշտության մասին»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս անդրադարձել է թեմային։ Պատասխանելով կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված տնտեսվարողների մտահոգություններին՝  նախարարն ասել է,  որ իրենց մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31