Այսօրվա իրավիճակում արդիական է դառնում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները վերընթերցելը եւ իրեն, իր թիմի անդամներին հիշեցնելը: Հիմա այն հարցադրումներին, թե ո՞նց է Նիկոլ Փաշինյանը որոշել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ո՞ւմ անունից է հանդես գալիս, երբ բանակցում է թուրքերի հետ, ո՞ւմ է հարցրել, թե մենք որ ուղղությամբ ենք ուզում գնալ, այսպես ասած աչքներս են մտցնում ընտրություններին ՔՊ-ի ստացած մանդատը: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախկինում գտնում էր, որ նման որոշումներ կայացնելու համար անգամ Հայաստանում բնակվող հայ ժողովրդին հարցնելն է քիչ, պետք է համայն հայության, սփյուռքի տեսակետն էլ հաշվի առնել, անգամ եթե ամենալեգիտիմ ձեւով ընտրվել են, որովհետեւ ընտրություններին քիչ թվով մարդիկ են մասնակցում ու դա չի կարող լինել Հայաստանի, հայ ժողովրդի որոշումը:
Այս ձայնագրությունը, որը հրապարակում ենք, արվել է սրանից մոտ 8 տարի առաջ՝ 2013-ի սեպտեմբերի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, որոշել էր, որ Հայաստանը Մաքսային միությանն է միանալու:
Այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը «Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ «Կ. Ադենաուերի» անվան հիմնադրամի կազմակերպած քննարկմանը, այսպիսի ելույթ ունեցավ. «Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, բնականաբար, միանշանակ չի ընդունվել Հայաստանում, եւ սրա համար կան բազմաթիվ պատճառներ: Դրանցից առանցքայինը բացահայտվում է հետեւյալ շեշտադրման մեջ` ո՞ւմ անունից է Սերժ Սարգսյանը որոշում կայացրել եւ հայտարարել: Արդեն իսկ հայտնի ձեւակերպումն այն է, որ Սահմանադրության մեխանիզմների նենգափոխմամբ իշխանության հասած անձը չի կարող կայացնել սահմանադրորեն սահմանված լիազորություններ: Համաձայնելով սրա հետ` ուզում եմ անել բոլորովին ուրիշ մի շեշտադրում` եթե այսօր Սերժ Սարգսյանը լիներ կատարելապես լեգիտիմ նախագահ` այսօրվա Հայաստանում, կարո՞ղ էր արդյոք Հայաստանի պետականության կարգավիճակը փոխելու հեռանկար ունեցող որոշում կայացնել: Իմ միանշանակ պատասխանն է` ո´չ, որովհետեւ Հայաստանի սահմանադրությամբ ՀՀ-ն, որպես անկախ պետություն, հիմնադրվել է եւ հաստատվել համայն հայ ժողովրդի անունից: Այսօր Հայաստանում ապրում, Հայաստանի քաղաքական կյանքին եւ ընտրություններին մասնակցում է հայ ժողովրդի չափազանց փոքր մասը, եւ այդօրինակ որոշումների լիազորությունները պատկանում է համայն հայ ժողովրդին` որպես Հայաստանի Հանրապետության փայատեր եւ շահառու»:
Հետո Փաշինյանն ասում է. «Եթե արտահայտվենք ինստիտուցիոնալ լեզվով` այսօր ՀՀ-ում չկա քվորում` նմանատիպ հարցեր քննարկելու համար` արդեն իսկ ձեզ հայտնի արտագաղթի եւ այլ երեւույթների պատճառով: Ուստի` Հայաստանի որոշումները չեն ընկալվում որպես հայկական որոշումներ: Սա, մեծ հաշվով, մի իրավիճակ է, որը ձեւավորվել է հայկական պետականության նկատմամբ ենթադրվող մի դավադրության արդյունքում, եւ ամեն ինչ արված է, որ Հայաստանը, նրա ժողովուրդը ստիպված լինեն մտովի կամ ֆիզիկապես դեգերել Արեւելքում, Արեւմուտքում, Հյուսիսում եւ Հարավում` այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործողություններից ամենակարեւորին` ինքնահայեցմանը»:
Կարդացեք նաև
Այս նույն ելույթում Փաշինյանը խոսում է նաեւ Հայաստանի ինքնիշխանության մասին՝ ասելով. «Հայաստանի ինքնիշխանության կարեւորագույն բանաձեւերից մեկը դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններն են եւ հարաբերությունների հարաճուն սերտացումը ռազմավարական հարեւանների հետ: Արտաքին քաղաքական հարաբերությունների նժարներից որեւէ մեկի անհամաչափ գերակշռումը մյուսների նկատմամբ ուղղակի վտանգ է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ ինքնիշխանության պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ խնդիրը: Չի կարող լինել արտաքին քաղաքականություն` ի հաշիվ ինքնիշխանության: Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, եւ դա արձանագրված է ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածում, որն, ի դեպ, ենթակա չէ փոփոխման»:
Ինչպես տեսնում եք, ընդդիմադիր Փաշինյանի այս եւ այլ ելույթները այսպես ասած «դասականի» ելույթներ են եւ չեն կորցնում իրենց արդիականությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ