Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ որեւէ իշխանության համար ցեղասպանության ճանաչումը չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման»

Հունվար 27,2022 17:44

Aravot.am-ն այսօր ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցի ժամանակ վերջինիս հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում արտահայտած հետեւյալ մտքերը․ «ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել․․․ Ի վերջո պետք է խոստովանել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել է սփյուռքը եւ սփյուռքի կազմակերպությունները»։

Հետաքրքրվեցինք․ «Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հիմնավորմամբ է ձեր իշխանությունը պնդում, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը եղել է միայն սփյուռքը։ Եվ եթե կարծում եք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բացառապես Սփյուռքի ձեռքբերումն է, ապա վերջին, օրինակ, 15 տարում մի քանի տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հիմքերով եք վերագրում բացառապես սփյուռքին, այլ ոչ թե ՀՀ-սփյուռք գործակցությանը։ Սա նշանակու՞մ է, որ գործընթացը սփյուռքին վերագրելով՝ ձեր իշխանությունն իրեն ձերբազատում է ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացից»։

Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Հարցը ունի շատ պարզ եւ հստակ պատասխան։ Նորանկախ ՀՀ պատմության բոլոր իշխանությունները կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների։ Հետեւաբար, ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ հայոց ցեղասպանության հարցը երբեք չի դիտարկվել որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման։ Այդ համատեքստում կիսում եմ վարչապետի դիրքորոշումները եւ վստահ եմ, որ նա հենց այս կոնտեքստը նկատի ուներ։ Խոսքը չի գնում գործընթացը միայն եւ ամբողջ սփյուռքին վերագրելու մասին։ Միանշանակ է, որ սփյուռքի դերակատարումը եղել է ավելի արդյունավետ, քան ՀՀ-ինը որպես պետություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31