Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի գիտնականները քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ  Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնական Արսեն Գասպարյանի

Հունվար 27,2022 18:17

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումը հայտնաբերել են քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակ և այն անվանակոչել են ի պատիվ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

Եվրոպացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Քեմբրիջի համալսարանի կողմից տպագրվող «The Lichenologist» գիտական ամսագրում: Գիտական հոդվածում մասնավորապես նշված է. «Այս նոր տեսակն անվանվել է մեր ականավոր գործընկեր դոկտոր Արսեն Գասպարյանի պատվին, ով վերանայել է Ramalina pollinaria քարաքոսերի խմբի դասակարգումը (Gasparyan et al. 2017), նա նաև հրապարակել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ հետաքրքիր մենագրություն (Gasparyan & Sipman 2016) (This new species is named after our distinguished colleague Dr Arsen Gasparyan, who revised the taxonomy of the Ramalina pollinaria group (Gasparyan et al. 2017); he also published an interesting account of epiphytic lichens in Armenia (Gasparyan & Sipman 2016)»:

Ramalina ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսեր է պարունակում: Այս նոր տեսակը, որը հայտնաբերվել է ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի Ալպերում, միջին գոտիներում քարերի վրա աճող տեսակ է: «Ես՝ ինքս, Հայաստանում հայտնաբերել եմ Ramalina ցեղի քարաքոսի 2 նոր տեսակ: Իմ գործընկերները, հաշվի առնելով այս իմ ներդրումը, այդ նոր տեսակն անվանակոչվել են իմ անունով», – ասաց Արսեն Գասպարյանը:

Իր դոկտորական աշխատանքի ընթացքում Արսեն Գասպարյանը քարաքոսերի լայնածավալ հետազոտություններ է կատարել Հայաստանի տարածքում: «2011 թ-ին, երբ նոր էի սկսում իմ հետազոտությունները, ամբողջ Հայաստանից հայտնի էր քարաքոսի 422 տեսակ: Երբ եղավ իմ դոկտորական աշխատանքի ավարտական հրապարակումը, այդ թիվը հասել էր 617-ի: Ընդամենը մի քանի տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց քարաքոսի 195 նոր տեսակ Հայաստանում և 5 նոր տեսակ աշխարհում: Սա ցույց է տալիս, որ եթե կենսաբազմազանության ոլորտի այս կամ այն ճյուղը մի քանի տարի շարունակ ինտենսիվ հետազոտվի, տեսակների այն թվերը, որոնք մենք ունենք, մի քանի անգամ կարող են աճել», – ասաց Արսեն Գասպարյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31