Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է ուրանալ Հայ դատը». Լիլիթ Գալստյանը խոստովանում է, որ վարչապետին լսելով՝ ուզում է «պայթել, ապամոնտաժվել»

Հունվար 27,2022 17:40

«Մեր հասարակությանը 3 տարի առաջ որոշ շրջանակներ, որոշակի ուժեր ուղեղային դաժան լվացում է կատարվել՝ ստով, մանիպուլյացիաներով, դավադրություններով: Սա դրանցից մեկն է, ո՞նց կարելի է ասել՝ Հայ դատը….»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսպես իր զարմանքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է մեր արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: Արցախի հիմնախնդիրը Հայ դատի համալիրի մեջ է: Արցախը մեր ինքնության, ազգային արժանապատվության եւ պատմական արդարության վերականգնման ազգային ազատագրական պայքար է: Ո՞նց կարող է այս մտածողությամբ լինել Նիկոլ Փաշինյանը, որը բացի թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումից, ի՞նչ շահեր է սպասարկում: Ո՞նց կարելի է ուրանալ Հայ դատը: Իր ամբողջ խոսույթը՝ ստի, կեղծիքի, մերկապարանոց…ո՞նց կարելի է այսքան խեղել քո ազգին: Եվ մտածումի այս ավգյան ախոռը, մեր անցյալը մերժելու այս իրականությունը…ես չգիտեմ, Հայաստանի պետականությունից ի՞նչ փշուրներ կմնան: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանր աշխատանք է մեզ սպասում»,- ասաց Լիլիթ Գալստյանը եւ հավելեց. «Եթե իր ուսուցիչը այստեղ ասում է, թե՝ «30 տարի ոչ մի բան չեք արել», սա խեղում է եւ Հայաստանում ՔՊ-ի կողմից իրականացվող մտային տեռոր է սա»:

Ըստ Լիլիթ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանը մերկապարանոց հայտարարություններ է անում, որ մեր ազգին մոլորեցնի ու դիմադրողականությունը կոտրի. «Ես հարկադրված եմ լսելու իր խոսքը՝ հասկանալու համար, թե մեր պետության այսպես ասած առաջին դեմքի դիսկուրսը եւ նախաթուրքական բանակցային այս ընթացքում ինչ մտածումներով ու արժեքային համակարգով է գնում, սրանք կապիտուլյանտի համոզումներ են: Հերքել մեր 30 տարին, հերքել Հայ դատը, Հադրութի ու Շուշիի մասին իր հաստատումները հրապարակային են, սա ողբերգություն է, գիտե՞ք»:

Հարցին՝ լա՞վ է, որ գնաց Արմեն Սարգսյանը՝ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ես նրա ներկայությունը չէի էլ զգում: Ես խորը կասկածներ ունեի իր անգլիական քաղաքացիության մասին, նույնիսկ ավելին, չեմ ուզում շատ բաներ բացեմ: Իր հրաժարականի տեքստում համաձայն եմ շատ հաստատումների հետ, բայց մի բացառությամբ՝ ինքը բաժնեկից է, պատասխանատու եւ մեղավոր է 3 տարի Հայաստանի՝ մաթեմատիկական պրոգրեսիայով գահավիժող կործանման մեջ, բացառիկ դերակատարություն ունի»:

Պատգամավորը պատմեց, որ երբ տարիներ առաջ սովորել է Ամերիկյան համալսարանում, իր երկու համակուրսեցիներին համալսարանից դուրս են թողել այն բանի համար, որ երկուսն էլ նույն տեքստն են ներկայացրել. «Մեկին մեղադրեցին, որ արտագրել է, իսկ մյուսին՝ որ թույլ է տվել արտագրել: Հասկանո՞ւմ եք մեղքի, բարոյականության բաժինը: Իսկ Հայաստանում գողի պես բռնում ես դրանց ձեռքը ու չես կարողանում ապացուցել»:

Լիլիթ Գալստյանը խոստովանեց, որ ամեն անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին երբ ներկա է լինում ու լսում է վարչապետին, ուզում է «պայթել, ապամոնտաժվել»: Իսկ թե ինչո՞ւ են այդ անօգուտ խոսակցության մեջ մտնում, մանդատները պահում՝ նա պատասխանեց, որ հանրությանն են արթնացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31