«Այո, Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք, իսկապես նաեւ եղել ենք գործընկերներ: Ես կարող եմ վկայել, որ իմ եւ նրա, եւ նաեւ մեր բոլորի քաղաքական հայացքներն ու գաղափարները համընկնում են»,-այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Գրիգոր Մինասյանը, որը Միքայել Մինասյանի եղբայրն է, ժամանակին քննադատել է Նիկոլ Փաշինյանին, սակայն այսօր նրա քաղաքական թիմում է, պաշտոն է զբաղեցնում:
Կարեն Անդրեասյանն ասաց, որ Գրիգոր Մինասյանն իր համար վստահելի անձ է. «Արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես նաեւ մնացած նախարարների տեղակալները՝ քաղաքական պաշտոն է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետ, այլեւ վստահելի մասնագետի, որը քեզ հետ կիսում է քո գաղափարները: Այդ իմաստով պարոն Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարն ասաց, որ Գրիգոր Մինասյանի՝ իր ընկեր լինելը ռիսկեր չի պարունակում եւ կաշկանդված չէ իր մտերիմներին ազատելու աշխատանքից՝ եթե լավ չաշխատեն, ինչը եղել է նրա՝ Մարդու իրավունքների պաշտպան աշխատելու ժամանակ:
Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց նաեւ, թե ինչ փուլում է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքի նախապատրաստման գործընթացը. «Սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդը սկսի աշխատանքը»:
Ասաց, որ մրցութային ձեւով ընտրվել են հասարակական կազմակերպությունների կազմը եւ արտախորհրդարանական ուժերի կազմը: Ըստ նրա, վարչապետին է ներկայացվել նաեւ աշխատանքների ժամանակացույցը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ