ՀՀ վարչական դատարանում այսօր քննվում էր Վարդենիսի ավագանու ընտրությունների գործը: Վարդենիս համայնքում ընտրությունները վիճարկելու դիմում ներկայացրել են ավագանու ՔՊ-ական անդամները: Նրանք պահանջում են Վարդենիսում նոր ընտրությունների անցկացում: Այս առիթով Aravot.am-ը զրուցել է Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ ակնկալիք ունեք այսօրվա դատական նիստից։
– Հուսով եմ, դատական իշխանությունները կգնան ճիշտ և անաչառ որոշման, և կընդունեն ավագանու առաջին նիստի իրավազորությունը և նրա կայացրած որոշումը։
– Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ է Արամ Մելքոնյանը ձեզ միշտ մղում ընդդիմադիր դաշտ՝ կապելով ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։
Կարդացեք նաև
– Իմ կարծիքով, մարդը ում դուք նշեցիք, չի կարողացել ապահովվել իր խոստացած 50+1 ձայները, փորձում է արդարանալ՝ մեզ ընդդիմադիր դաշտ տանելով։
Անում եմ պատասխանատու հայտարարություն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ «Միասնական Վարդենիսի» ներկայացուցիչների հետ, մինչեւ ընտրությունների ավարտը, չի եղել որեւէ անձնական ծանոթություն եւ գործնական շփում։ Ինչպես հայտարարել եմ իմ քարոզարշավների ժամանակ, այսօր էլ հայտարարում եմ, որ ՏԻՄ ընտրություններին գնացել եմ հանուն Վարդենիս համայնքի շենացման եւ բարգավաճման։ Գործող իշխանության հետ աշխատել եմ մինչ օրս, այսօր էլ պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ կլինեմ կառավարությանը, տարածքային կառավարման նախարարությանը, մարզպետարանին, որպեսզի աջակցեն համայնքի զարգացմանն ուղղված իմ ծրագրերի իրականացմանը՝ պաշտպանելով Հայաստանի հանրապետության Սահմանադրությունը, օրենքները եւ ավագանու որոշումները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ