Արդեն տեւական ժամանակ խաթարված է Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը, քանի որ համայնքապետարանի կնիքը եւ համայնքապետի աշխատասենյակի բանալիներն անհետացել են:
Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում՝ համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են, ինչի առիթով կողմը դիմում էր ներկայացրել ոստիկանություն:
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանն ասաց, որ կնիքն ու բանալիները հայտնաբերելու գործով առաջընթաց դեռ չկա, քանի որ ոստիկանությունն ակնհայտ դանդաղկոտություն է ցուցաբերում: Ըստ պաշտպանի՝ ոստիկանության ներկայացուցիչը նամակներով է հարաբերվում համայնքապետարանի քարտուղարի հետ եւ մեկ հարցուպատասխանը մի քանի օր է խլում, այն պարագայում, երբ կարող էր հրավիրել եւ զրուցել: Ավագանու անդամներին, որոնց խոչընդոտել էին՝ թույլ չտալով մտնել համայնքապետարանի շենք, ոստիկանությունից նույնպես չեն կանչել, բացատրություններ չեն վերցրել, մանավանդ, որ հակասություններ կան եւ իրենք դա ներկայացրել ենք ոստիկանություն. նախկին համայնքապետը հայտարարում է, որ կնիքն ու բանալիները հանձնել է աշխատակազմի քարտուղարին, վերջինս էլ հայտարարում է, որ իրեն ոչինչ չի հանձնվել:
Վարազդատ Հարությունյանն, ի դեպ, ռիսկեր է տեսնում, որ համայնքապետարանի կնիքն այս ընթացքում կարող է օգտագործվել: Նկատում է, որ նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը ծառայողական մեքենան որոշ ժամանակ օգտագործել է ու այդ մասին կողմի բարձրաձայնելուց հետո միայն մեքենան բերել կանգնեցրել է համայնքապետարանի բակում:
Կարդացեք նաև
Իսկ իր պաշտպանյալը՝ համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանը, չի ցանկանում աշխատասենյակի դուռը կոտրելով կամ համանման այլ տարբերակով մուտք գործել համայնքապետի աշխատասենյակ, քանի որ նախկին համայնքապետի անձնական իրեր էլ կարող են լինել աշխատասենյակում:
Արամ Մելքոնյանը իրեն նախկին համայնքապետ չի համարում եւ հայտարարել էր, որ ինքն է գործող համայնքապետը: Վարազդատ Հարությունյանը հուսով է, որ իրավապահները քննության են առել սույն հայտարարությունը: Իր կարծիքով, այդ հայտարարությունն ինքնիրավչության տարրեր է պարունակում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ