Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին ռեստորանում ցույց տվե՞լ է բացասական թեստը կամ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդը։
Այսօր նա այդ հարցին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Հարցին՝ ինքը ցույց տվե՞լ է, նախարարը պատասխանեց․ «Դրանից երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ «բուսթերով», եւ դրա մասին բոլորը գիտեն։ Իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»: Դիտարկմանը, թե անկախ դրանից ռեստորանում պետք է պահանջեին QR կոդ, չե՞ն պահանջել, Քերոբյանն ասաց, որ չի հիշում։
Հարցին, թե վարչապետը ճի՞շտ էր ասում, որ ինքը թույլ չի տվել , որպեսզի պարոն Քերոբյանը հրաժարական տա, նախարարն ասաց, որ այո:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է ուզել հրաժարական տալ, նախարարը պատասխանեց․ «Ես չասացի՝ ուզել եմ հրաժարական տալ։ Բնականաբար, շատ մեծ պատասխանատվությամբ եմ արել այդ խոսակցությունը։ Ժամանակ առ ժամանակ մենք քննարկումներ ունենում ենք մեր ղեկավարների հետ՝ կատարված աշխատանքի որակի եւ բավարար լինելու վերաբերյալ։ Ես կարող եմ ասել՝ իսկ ի՞նչ կարծիքի եք սրա մասին, կարող է ասել՝ ես արգելում եմ։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ հրաժարական տալ»։
Կարդացեք նաև
Նա պարզաբանեց. «Երբ ինչ-որ մեկը պետական կարեւոր պաշտոններ է զբաղեցնում, պետք է հասկանա, որ ինքը չունի այդ ազատությունը՝ երբ ուզի, գնա, որովհետեւ ազգն իր հետ կապել է մեծ հույսեր։ Ազգն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ՔՊ-ն ընտրել է վարչապետին, վարչապետն ընտրել է իր նախարարներին։ Բնականաբար, ազգն այն մարդկանց հետ, որոնք զբաղեցնում են այս պաշտոնները, ունի մեծ հույսեր, եւ չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար առիթով գնալ»,-ասաց նա։
Նախարարի խոսքով արդյունքը մեկ օրվա մեջ չի լինում, դրա համար ժամանակ է պետք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ