Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Մերի Համբարձումյանը չի կարող անաչառ լինել եւ զերծ մնալ դատական համակարգի ներսի ազդեցությունից». Վարազդատ Հարությունյան

Հունվար 27,2022 15:59

ՀՀ վարչական դատարանում այսօր քննվում էր Վարդենիսի ընտրությունների գործը: Համայնքի ավագանու ընտրությունները վիճարկելու դիմում ներկայացրել են ավագանու ՔՊ-ական անդամները:

Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը, նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու: Պատճառն այն է, որ իրենց կարծիքով, դատավոր Մերի Համբարձումյանին օրենքի խախտմամբ է մակագրվել այս գործը, ինչից հետո, դատավոր Մերի Համբարձումյանն այն վարույթ է ընդունել՝ ավելորդ շտապողականություն դրսեւորելով՝ անտեսելով սույն հայցադիմումը վարույթ ընդունելու հետ կապված մի շարք իրավական խոչընդոտներ: Այս ամենը փաստաբանին հիմք են տալիս հայտարարել, որ սույն դատական գործընթացում, նաեւ դատավորի կայացրած որոշումների անաչառության դեֆիցիտ ենք ունենալու:

Փաստաբանը մանրամասնում է՝ դատավոր Մերի Համբարձումյանի սպասարկման տարածքը չի ընդգրկում Գեղարքունիքի մարզի տարածքը: ԲԴԽ որոշման համաձայն, Գեղարքունիքի մարզը սպասարկում է ՀՀ վարչական դատարանի մեկ այլ դատավոր, որին, ինչպես պարզ է դարձել datalex.am տեղեկատվական համակարգում առկա գործերի ուսումնասիրությունից, մակագրվել են վարչական դատարանին ընդդատյա ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր վարչական վեճերը, այդ թվում՝ օրինակ` նույն Վարդենիս համայնքի ավագանու մի որոշման վիճարկման վերաբերյալ. «Ստացվում է, որ դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի կողմից նշված գործը Մերի Համբարձումյանին մակագրվել է վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի պահանջի խախտմամբ։ Այսինքն՝ ապօրինի կերպով: Սա եւ այլ փաստեր ցույց են տալիս, որ Մերի Համբարձումյանը չի կարող անաչառ լինել եւ զերծ մնալ դատական համակարգի ներսի ազդեցությունից»։

Վարազդատ Հարությունյանը հուսով է, որ դատարանը հաշվի կառնի իրենց հիմնավորումները եւ ինքնաբացարկի միջնորդությունը կընդունի: Հակառակ պարագայում, իրենք կորոշեն իրենց գործողությունների հաջորդականությունը: Չեն բացառում ընդհուպ մինչեւ ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու ենթադրյալ հանցագործության մասին ակտ ներկայացնելը՝ Մերի Համբարձումյանի գործողությունների մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31