Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ. Գարեգին Երկրորդ

Հունվար 27,2022 15:43

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց բանակի օրվա առիթով իր խոսքն ուղղեց եկեղեցում ներկա սպաներին, զինվորներին, գնդերեցներին և հավատացյալներին․ «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։
Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։

Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։

Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը:

Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31):

Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։ Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։

Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մի շարք զինվորականների՝ գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին և Էրիկ Գրիգորյանին։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց նաև ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:

«Մարշալ Բաղրամյան» մեդալ շնորհվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանին։

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, ավագ գնդերեց Արժանապատիվ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանը,  գնդերեցներ Արժանապատիվ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը և Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանին, Մինաս սարկավագ Կարապետյանին, Լորիս սարկավագ Անդրեասյանին, Սիմոն սարկավագ Իգիթյանին, Գևորգ սարկավագ Միրզոյանին, Արթուր սարկավագ Օհանյանին, Արթուր սարկավագ Արամյանին։

Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31