«Այո, շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը»,-այսօր այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց․ «Այս պահին մենք ինտենսիվ բանակցում ենք մի շարք երկրների արտադրողների հետ, որ հասկանանք, թե ինչ ձեւով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։ 3-15 միլիոն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ այսօր իջեցնելու գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գինը, բայց բերքի ժամանակ դա նաեւ ուղիղ ազդեցություն է ունենալու վաճառվող բերքի գնի վրա եւ, հետեւաբար գնաճի վրա»:
Նախարարի խոսքով, լուծումներ են փնտրում, եւ դրանք չեն ուշանա:
Ասաց, որ տեղական ներկրողները գերշահույթներ այս ոլորտում չեն հետապնդում եւ, որ իրենք ուշադիր հետեւում են: Ըստ նրա, գնի բարձրացումը կատարել են հարեւան երկրների արտադրողները:
Հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել. «Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միեւնույն է, ավելի լավ են սկսել ապրել»:
Կարդացեք նաև
Լրագրողի այն դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, հարցումները նույնպես այլ պատկեր են ցույց տալիս, նախարարն ասաց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ