Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված տնտեսվարողների մտահոգություններին՝ ասաց, որ իրենց մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։
«Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով նրանց հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել։ Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացմանը, եւ, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որեւէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասաց Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել եւ պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան. «Դա էլ է կարեւոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը: Այնուամենայնիվ մենք հետեւում ենք իրադրության զարգացմանը. կապի մեջ ենք ոլորտի ներկայացուցիչների եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ»:
Նրա խոսքով, ճիշտ է՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա ոչ միայն տնտեսությունն է վնասներ կրելու, այլ մարդկանց առողջությունն ու կյանքն է վտանգի տակ դնելու: Ըստ նախարարի, այդ պատճառով փորձում են որոշումները հավասարակշռված կայացնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ