Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման նպատակային ուղղություններ՝ մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում, անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում, անասունների, թռչունների և ճագարների ձեռքբերում, անասնակերի ձեռքբերում, սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում, գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում և այլ: Որոշմամբ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին փոփոխելու վարկի նպատակային ուղղությունը՝ այդ մասին դիմում ներկայացնելով ֆինանսական կառույցին, փոփոխելու վարկի մարման և արտոնյալ ժամկետը, դարձնելով համապատասխանաբար՝ 3 տարի և 6 ամիս:
Կարդացեք նաև
Մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոռոգման արդիական համակարգերի ներդրման խրախուսմանն ուղղված ծրագրում: Կարգավորման նպատակն է` ավելացնել ոռոգման արդիական համակարգեր ներդնող շահառուների թիվը, հետևաբար նաև ոռոգվող հողատարածքները։ Առաջարկվում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցումն ավելացնել և 22 տոկոսի ու 25 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս: Բացի ջրավազանների կառուցումից, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում նաև ընդլայնել առկա ջրավազանները։ Ջրավազանների կառուցման կամ ընդլայնման հնարավորություն է տրվում նաև համայնքներին։ Ծրագրից հանվել է հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկի հրապարակման պարտադիր պահանջը՝ հնարավորություն տալով տնտեսավարողներին ինքնուրույն ընտրել համապատասխան ծառայություն մատուցող կառույցին։ Միաժամանակ, որոշմամբ այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։
Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում վարկը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով։
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, վարկի տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է։
Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրում ևս փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի ներառման, վարկերի տրամադրման պայմանների և վարկավորման գործընթացի հստակեցման համար։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրում նշված մոդելների գնահատված ծախսերին: Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։
Նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է: Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնող, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող լիզինգառուների կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը 1000 մլն դրամից իջեցվում է մինչև 200 մլն դրամ: Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության ծախսերը ֆինանսական կառույցների փոխարեն կատարվելու է լիզինգառուների հաշվին։
Մհեր Գրիգորյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ համարել ծրագրի պոտենցիալ շահառուներին նախատեսվող կարգավորումների վերաբերյալ պատշաճ իրազեկումը:
Մշակող արդյունաբերության տնտեսավարողների համար կստեղծվեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները
Մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծման և զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ գործող ընկերություններից շատերը աշխատում են հնամաշ, ցածր արտադրողականություն ունեցող և էներգատար հաստոցներով, մինչդեռ կառավարության ծրագրով ամրագրվել է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալիորեն ավելի բարձր թիրախային ցուցանիշ։
Ներկայումս Հայաստանում վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով հումքի ձեռք բերումը մատչելի դառնալու դեպքում մշակող արդյունաբերության արտադրության ծավալները կաճեն, և համապատասխան արտադրատեսակների գծով կավելանան պետբյուջեի եկամուտները։
Որոշմամբ առաջարկվում է տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հումքի գնման կամ ներկրման հնարավորության ընձեռնում, որը նախադրյալներ կստեղծի տեղական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:
Նախնական գնահատականի համաձայն՝ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 56 մլրդ ՀՀ դրամ՝ նախատեսվող 6-7 տարիների համար։ Արդյունքում առաջիկա 2 տարիների համար ակնկալվում է մոտ 100 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալ ներդրումներ երկրի տնտեսության մեջ սարքավորումների տեսքով, ինչպես նաև համապատասխան ոլորտներում արտադրողականության մինչև 60 տոկոս աճ։ Արտոնության առկայության պարագայում կանխատեսվում է տարեկան առնվազն 5 խոշոր ներդրումային ծրագրերի հաստատում` ռազմավարական ոլորտներում: Նշված ներդրումները աշխատատեղերի ստեղծումից ու արտահանելի նոր արտադրանքի զարգացումից բացի, կբերի նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ` իր շուրջ ձևավորելով իրեն սպասարկող ՓՄՁ էկոհամակարգ։ Ծրագիրը կծառայի որպես ՀՀ ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելուն միտված ևս մի հավելյալ գործիք։ Ծրագրով նաև նախատեսվում է, որ շահառուները պարտավորվեն բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Մասնավորապես, կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարած և արտոնությունից օգտվող տնտեսավարողները վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից աուդիտի եզրակացություն: Ըստ այդմ՝ էականորեն կլավարկի գործող ընկերությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կբարձրացնի նրանց արտադրողականությունը։
Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս լավարկմամբ կարևորագույն քայլ է իրականացվում: «Քանի որ խնդիրները փոխվել են, շուկան այլ է, և կարող ենք ասել, որ հետևանքների մեղման և չեզոքացման խնդիրը տրանսֆորմացվում է դեպի զարգացման վարկերի խթանում: Ըստ այդմ՝ լիզինգային և սարքավորումների գնման գործարքների, ֆինանսավորման գործիքների էական սուբսիդավորման գործիքակազմ ներդնելը շատ կարևոր է: Բայց այստեղ նույնպես պետք է տարվեն լուսաբանման, իրազեկման աշխատանքներ»,-ասել է փոխվարչապետը:
Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 80-90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017 թ. ապրիլ ամսից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում թվով 1186 լիզինգառուի տրամադրվել է 1859 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 815 միավոր տրակտոր, 14 միավոր կոմբայն և թվով 1030 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումների՝ մասնավորապես լիզինգի մեխանիզմի կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը՝ հաշվի առնելով 2017-2021 թթ. գործող ծրագրի դրական փորձն ու գրանցված արդյունքները։ Ծրագրի պայմաններով տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: 2022 թ.-ին ծրագրի իրականացման համար գնահատված արժեքը կկազմի 719.5 մլն դրամ, այդ թվում 597.6 մլն դրամը կուղղվի նախորդ տարիներին ձեռքբերված գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը, իսկ 121.9 մլն դրամը՝ 2022 թվականին կանխատեսվող շուրջ 1.4 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը: Վերջինս հնարավորություն կտա իրագործել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված այն դրույթը, համաձայն որի, անհրաժեշտ է շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։
Բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը կշարունակվի ևս 2 ամիս
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառման կարգում: Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման շահառուներին հասանելիք աջակցության վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2022թ. հուլիսի 29-ը՝ 2021թ. դեկտեմբերի 17-ի փոխարեն, իսկ չվճարված գումարները ՀՀ 2021 թ. պետբյուջե վերադարձնելու ժամկետները՝ մինչև 2022թ. օգոստոսի 5-ը՝ դեկտեմբերի 21-ի փոխարեն: Որոշմամբ առաջարկվում է երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել 40000 դրամ, իսկ այլ շահառուներին՝ 20000 դրամ:
Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է նվազեցնել կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները և բարելավել գործարար միջավայրը
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակներից են կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցումը և գործարար միջավայրի բարելավումը։ Արդյունքում՝ կպարզեցվի և կհստակեցվի կառուցապատման գործընթացը, կապահովվի սեփականատերերի իրավունքների համապարփակ կիրառման հնարավորությունը: Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար։
Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որևէ շինություն։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է։ Վերլուծելով նշված սահմանափակումները և դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա։ Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական և թե ժամանակային ռեսուրսները։ Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող, հողամասն ընդլայնելու մեկից ավելի հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա։
Կառավարությունը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ։ Ըստ հիմնավորման, օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը։ Օրինագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։ Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը։
Հավանության են արժանացել նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Միջազգային համագործակցություն. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Ծրագրի իրականացումը համահունչ է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված միջազգային համագործակցության շրջանակում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակման ու նախագծերի իրականացման ուղղությանը, ինչպես նաև բխում է էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքական սկզբունքներից։ Ծրագրի նպատակներից է հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Նախատեսվում է նաև աջակցություն էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և զարգացման նպատակով:
Հավանություն է տրվել 2020 թ. նոյեմբերի 6-ին ստորագրված «Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակը կողմերի միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման համաձայնեցված մոտեցումների սահմանումն է՝ հասարակության թվային զարգացման ոլորտում և թվային տնտեսությունում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում էլեկտրոնային ծառայությունների տրամադրման մոտեցումներում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորման ներդաշնակեցման համար: Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով՝ նորմատիվ կարգավորում, տարածաշրջանային թվային տարածության և տեղեկատվական անվտանգության զարգացում, թվային տնտեսության ոլորտների և շուկաների զարգացում, տեղեկատվական ենթակառուցվածքի միասնական զարգացում, կրթություն, հետազոտական իրավասությունների (կոմպետենցիաների) ձևավորում և կադրերի պատրաստում, մրցակցային թվային տեխնոլոգիաների յուրաքանչյուր բնագավառում տեխնոլոգիական անկախություն ապահովող հետազոտական աջակցության համակարգերի ստեղծում: Համաձայնագրի շրջանակում հնարավորություն կընձեռվի ստեղծել փոխշահավետ պայմաններ տարածաշրջանային տեղեկատվական տարածության ձևավորման, ինչպես նաև ԱՊՀ տարածքում «թվային անհավասարության» կրճատմանը:
Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. կառավարության նիստում անդրադարձ է կատարվել համաճարակային իրավիճակին
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում համաճարակային իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է օմիկրոն շտամով հիվանդացության կտրուկ աճ: «Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է 7407 թեստավորում, ունեցել ենք 2 մահ: Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում: Ինչ վերաբերվում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, այն տատանվում 5-6 տոկոս: Այսինքն՝ հիվանդացածների 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը կարելի է ասել միակ ուրախալի լուրն է այս ընթացքում: Սրան է նպաստում ինչպես պատվաստվածների մեծաթիվ արդեն ընդգրկվածությունը, և իհարկե, նաև շտամի որոշակի առանձնահատկությունները: Մենք ունենք հստակ հիվանդանոցային կարողությունների՝ մահճակալների ծավալման պլանը: Այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս 6 բժշկական կենտրոններ են, որոնք ընդգրկված են ՔՈՎԻԴ բուժման մեջ և հընթացս ըստ կարիքի նաև կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ:
Պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են. առաջին դեղաչափը ստացել է մեր քաղաքացիների արդեն 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչն իհարկե ուրախալի է: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանիշի կամ թեթև ախտանիշերով»,-ասել է առողջապահության նախարարը:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք երկրում պատվաստանյութերի պաշարը բավարար է: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ երկիրն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և պատվաստանյութերի մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: «Ապահովված ենք բոլոր տեսակի պատվաստանյութերով, որոնք առկա են Հայաստանում: «Ֆայզեր» պատվաստանյութի հետ կապված արդեն պայմանագիրը կնքված է, հայտնի են մատակարարման ժամկետները: Հուսանք, որ ըստ գրաֆիկի կիրականացվի նաև այս հավելյալ պատվաստանյութի ներմուծումը: Մենք նաև ունենք պլանավորված, հաջորդիվ ամիսների ընթացքում մեր պահանջարկը, և ըստ այդմ իրականացնում ենք գնումներ, բայց հիմնականում նաև ակտիվ բանակցությունների և գործընկերային կապերի միջոցով ստանում ենք նվիրատվություններ»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ Հայաստանում պատվաստածների շրջանում գերակշռում են 35-60 տարեկանները. «65+ քաղաքացիների պատվաստումը կազմում է 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է: Հիմա մեր գլխավոր թիրախը, գլխավոր նպատակը բարձրացնել հենց 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը, որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են հանդիսանում: Ունենք պատվաստումներ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում: 12-18 տարեկանների շրջանում առաջին դեղաչափը ստացել է 1675 անձ, երկրորդ դեղաչափը՝ 1000»:
Այլ որոշումներ.աշխատանքներ կիրականացվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենքերի շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ իրականացնել թվով 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ։ Ըստ փորձագիտական եզրակացությունների անհրաժեշտ է, որպեսզի առկա շենքերի տեղը կառուցվեն նոր, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դիմակայուն դպրոցական շենքեր։
Կառավարությունն ընդունել է «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու, ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Նևրոզների կլինիկան ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մահճակալային ֆոնդը կազմում է 50 մահճակալ, ընկերությունում տարեկան բուժվում են միջինը 600-650 հիվանդ։ Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով երկու անգամ ներկայացվել են մրցույթով մասնավորեցման։ Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Ըստ այդմ նախատեսվում է Նևրոզների կլինիկայի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ