«Այո՛, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Այդ որոշումը ե՛ս եմ կայացրել, բայց Սուրեն Պապիկյանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Ավինյանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւույթները, դրա համար մանդատ ենք ստացել»,- այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին առցանց ասուլիսում: Մինչդեռ 2018-ի ապրիլին հայտարարել էր, թե բուհերը պետք է ապաքաղաքականացվեն ու որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի:
Aravot.am-ը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ օրենքով հոգաբարձուների խորհո՞ւրդը չպետք է այդ որոշումը կայացներ, ոչ թե Փաշինյանը. այստեղ ինչ-որ սխալմո՞ւնք կա: Նա պատասխանեց. «Չէ, կարծում եմ այստեղ խնդիրը կոնկրետ անձի՝ տվյալ խորհրդում առաջադրվելու հանգամանքի մասին է, որովհետեւ կառավարման խորհրդի նախագահին, դուք ճիշտ եք, որոշում է հոգաբարձուների խորհուրդը: Բայց ինչպես գիտեք, «Բուհերի մասին» օրենքով սահմանված է խորհրդի կազմը եւ այնտեղ կա հիմնադրի կողմից ներկայացվող չափաբաժին, կա լիազոր մարմնի կողմից, դասախոսական, ուսանողական: Ու խոսքը այստեղ հիմնադրի կողմից առաջադրվող թեկնածուների մասին է, որն այս պահին կառավարության տիրույթում է, քանի որ բուհերի պարագայում հիմնադիրը պետությունն է»:
Հարցին՝ վարչապետի այն բացատրությունը, թե՝ ուղարկել ենք ՔՊ վարչության անդամներին, որպեսզի բուհերը քաղաքականացումից հեռու պահենք, ձեզ համար ընդունելի՞ 1՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Ես ինքս էլ այս պահին հանդիսանում են մանկավարժական բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ թույլ տվեք լինեմ կոնկրետ՝ այդ հարցին պատասխանելիս, որովհետեւ բուհերի համակարգումն իմ տիրույթում չի ու ես կարող եմ իմ դատողություններն անել այն բուհի մասով, որի հետ ես կոնկրետ ունեմ առնչություն: Ես կարող եմ պնդել, որ չկա որեւէ քաղաքականացվածություն եւ կարող եմ պնդել, որ նույնիսկ եթե դուք նայեք Մանկավարժական բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը, կարող եք տեսնել, որ մենք փորձել ենք ձեւավորել հնարավորինս պրոֆեսիոնալ խորհուրդ: Այնտեղ ներկայացված են ոլորտի մասնագիտական այն կառույցները, ինչպես նաեւ ոլորտում ակտիվ դերակատարում ունեցող հասարակական, կրթական հաստատությունները, որոնք ունեն ասելիք ու որոնք աշխատում են դպրոցների հետ եւ որոնց համատեղ գործակցությունը Մանկավարժական բուհում կարող է լինել առանցքային»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, վարչապետը չի՞ խառնվում այդ գործերին, կուսակցական ճնշումները հաշվի չե՞ն առնվում՝ փոխնախարարը պատասխանեց. «Բացարձակապես որեւէ անհարկի միջամտություն բուհի ինքնավարության, գործառույթների ամբողջականության տեսանկյունից չկա եւ ես սա կարող եմ պնդել ամբողջ վստահությամբ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ