«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են զբաղվածության տարածքային կենտրոններում, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում: «Մեդիա կենտրոնում» կայացած «Մասնագիտական ուսուցման դասընթացները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը հարցի նկատմամբ հետեւողական է 2018թ.-ից, ապա նշեց այն խնդիրները, որոնք առկա են այդ համատեքստում:
«Մեր հարցումներին այն ժամանակվա զբաղվածության պետական գործակալությունից պատասխանել էին, որ այս գործընթացով դատապարտյալների մասնագիտական դասընթացներ կազմակերպելը չի ստացվում: Նախկինում զբաղվածության պետական գործակալությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով պետք է կազմակերպեր այդ անձանց դասընթացները, սակայն այդ դասընթացները կազմակերպող կազմակերպություններ չէին դիմել»,-շեշտեց նա:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահն ասաց, որ ունեն թվային տվյալներ, թե որ ՔԿՀ-ից քանի դատապարտյալ է ցանկություն հայտնել մասնակցելու նման դասընթացների, կար նաեւ մասնագիտացումների ցանկը, օրինակ հաշվապահ, կոշկակար, դիմահարդար, կահույքագործ եւ այլն:
«Մենք տարբեր փորձագետների հետ փորձել ենք հասկանալ, թե որ կազմակերպությունները կարող է չդիմեն այդ դասընթացները կազմակերպելու համար: Որպես հնարավոր պատճառներ լսել ենք հետեւյալը՝ շատ կառույցներ կխուսափեն այդ դասընթացները կազմակերպել ՔԿՀ-երում, որովհետեւ նրանք դատապարտյալների հետ պետք է աշխատեն հենց ՔԿՀ-ում: Նաեւ «Գնումների մասին» օրենքով դիմելը կարող է դժվարություններ առաջացնել: Կարող են նաեւ ընթացակարգային խնդիրներ լինել, օրինակ, պիտի այդ կառույցը դասընթացը կազմակերպի պատժի կրման ավարտին մինչեւ 6 ամիս մնացած դատապարտյալների հետ, մինչդեռ մինչեւ մրցույթ հայտարարվի, մինչեւ կազմակերպությունները դիմեն, մինչեւ հասնի դասընթացի մեկնարկի փուլը, հնարավոր է շատ դատապարտյալներ ՔԿՀ-ից դուրս եկած լինեն:
Կարդացեք նաև
Այլ խնդիր էլ կա՝ հնարավոր է կոնկրետ մասնագիտացումը ստանալ ցանկացող դատապարտյալները լինեն տարբեր ՔԿՀ-երում, օրինակ` Գորիս եւ Վանաձոր, որոնք տեղակայման առումով հեռու են, եւ կազմակերպությունների համար դժվար կլինի կազմակերպչական հարցերը համակարգելը»,-նշեց Նարե Հովհաննիսյանը:
Հավելեց, որ 2019թ Զբաղվածության գործակալությունից փոխանցել էին, թե իրենք էլ արձանագրել են, որ սովորական ընթացակարգով հնարավոր չէ կազմակերպել մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը:
ՀԿ-ի նախագահի ձեւակերպմամբ, մի շրջան գործընթացը առաջ չէր գնում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ու պատերազմի, ինչպես նաեւ զբաղվածության պետական գործակալության վերակազմավորման հետ կապված հարցերի պատճառով: Իսկ այժմ էլ որեւէ տեղեկություն չունեն խնդրից:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը միշտ պատրաստ է մասնակցել բոլոր այն քննարկումներին, որոնք կօգնեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծմանը: Նրա խոսքով, Քրեակատարողական օրենսգրքում լրացում է կատարվել, որի համաձայն՝ այն դատապարտյալները, ում մինչեւ վեց ամիս է մնացել պատիժը կրելու համար, իրազեկվում են անհատապես զբաղվածության լիազոր մարմնի կողմից ուսումնական ծրագրերի մասին եւ բոլոր ցանկացողների տվյալները տրամադրվում լիազոր մարմնին: Հավելեց, որ համամիտ է Նարե Հովհաննիսյանի բարձրաձայնած մտահոգության հետ, եւ որ վեց ամիս ժամանակահատվածը խնդրահարույց է, քանի որ անձը ցանկացած պահի կարող է վաղաժամկետ ազատվել:
Հովհաննես Մարգարյանը միեւնույն ժամանակ նշեց. «Սա կարող ենք եւ որպես խնդիր դիտել, եւ հակառակ ուղղությամբ նայել: Եթե անձն անգամ վաղաժամկետ ազատվի, հնարավորություն կունենանք այդ անձի կրթությունը պրոբացիայի ծառայությունում շարունակել: Սա ընթացակարգային հարց է, որը դեռ պետք է քննարկվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»