Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ էին, այսօրվա իշխանությունները արդեն սաղմն են ուտում. Լեւոն Հայրյան

Հունվար 27,2022 13:49

«Մեր հարցերը, որոնք հարցերի կոմպլեքս են, կլուծվեն միայն մեր հայրենիք վերադառնալով: Պահանջում ենք Արցախի բռնազավթված բոլոր տարածքների վերադարձ»,- բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը: Նրա խոսքով, իրենց հարցերի միակ լուծումը Արցախի հանրապետության ճանաչումն է, որը երկար տարիներ արհամարհվել է Հայաստանի իշխանությունների կողմից:

Այսօր հադրութցիները եւ Արցախի մնացած տարածքներից բռնի կերպով տեղահանվածները իրենց բողոքը ներկայացրին կառավարության, ԱԳՆ շենքի մոտ առաջ՝ ցույց անելով, ապա շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

«Այս ընթացքում երեւի ռուսամետ շրջանակների կողմից տարածվում են լուրեր, որ գոնե Շուշիի ու Հադրութի մասով հնարավոր է վերադարձ, մի բան կանենք: Այդպես ասողները չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է, եւ արդյունքում եղել է այս աղետը: Մեր հարցերի միակ լուծումը Արցախի ճանաչումն էր, որ այդպես էլ չարվեց ու հասել ենք այս վիճակին»,-ասաց Լեւոն Հայրյանը:

Նրա խոսքով, ճիշտ չէ տեղահանվածներին ուղղորդել այն տարածքներ, որոնք այսօր բռնազավթված չեն. «Իրենց դրել են ուժեղ քաղաքագետի տեղ, ասում են՝ մենք դեմոգրաֆիական խնդիրներ ենք լուծում: Այն տարածքում, որը մնացել է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, դեմոգրաֆիական հարց չկա, դեռ մի բան էլ խիտ է բնակչությունը: Մենք երբ վերադառնանք մեր տները, այդ ժամանակ կառաջանան նման խնդիրներ, որովհետեւ չեն կարողանա մեզ տնով, աշխատանքով բավարարեն, սնեն: Մեր հարցերը կլուծվեն միայն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Քարվաճառը, Շուշին վերադարձնելով։ Մեր իշխանությունները պետք է լծված լինեն այդ գործին, ինչը մենք չենք տեսնում։ Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ինչի՞ են նստել իշխանության գլուխ, չենք հասկանում, նախկիններն ինչ են անում, չենք հասկանում: Ժողովուրդն էլ այս իշխանությունների դաստիրակության շնորհիվ հետ է քաշվել մեր պահանջներից»:

Լեւոն Հայրյանի խոսքով, եթե Արցախի Հանրապետությունը չվերականգնվի կյանք չի լինելու անգամ Երեւանում. «Հայի համար կյանք չի լինելու: Եթե Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ էին: Այսօրվա իշխանություններն ավելի սարսափելի բանի են գնացել, սրանք արդեն սաղմն են ուտում, մեր ազգի գոյաբանական հիմքերի հիմքն են ուտում: Արցախը չկա, հայկական չէ, արդեն Ցեղասպանության հարցի ժխտման ուղղությամբ են գնում: Թե ժողովուրդն ի՞նչ բանի է, չենք հասկանում։ Հայ ժողովուրդը պետք է զարթնի»:

Լեւոն Հայրյանն ասաց, որ այսօր տեղահանվածների մեծ մասն անգործ են եւ եղած գործերն էլ ժամանակավոր են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31