«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը 2018-ին ՀՀ քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման մեջ և հաջողությամբ դուրս է եկել ԼՂ հակամարտության պատճառով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից, որը հաղթահարվել է 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններով»,- ՀՀ-ի հետ կապված այսպիսի ամրագրում կա «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևի նախագծում:
Այս բանաձևը այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 19.00-ից հետո, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կդրվի քվեարկության:
Զեկույցը պատրաստել են Ֆինլանդիան ու Շվեդիան ներկայացնող պատգամավորներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը: Այս զեկույցի հիման վրա պատրաստված բանաձևի նախագիծը ԵԽԽՎ քվեարկությունից հետո ձեռք կբերի բանաձևի կարգավիճակ:
ԵԽԽՎ բանաձևի նախագծում նշված է. «2021 թվականի հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ժողովրդավարական եղանակով՝ չնայած խիստ բևեռացված մթնոլորտին: Վեհաժողովը, այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնում այն քաղաքական մթնոլորտի համար, որում տեղի ունեցան 2021 թվականի հունիսի ընտրությունները, որն անցավ ինտենսիվ բևեռացմամբ և հիմնական մրցակիցների շրջանում ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ»:
Կարդացեք նաև
Հղում կատարելով ընտրական բարեփոխումներին՝ ԵԽԽՎ փաստաթղթում նշված է. «Ինչ վերաբերում է ընտրություններին և ընտրական բարեփոխումներին, Վեհաժողովն իր գոհունակությունն է հայտնում Հայաստանին վերջին երկու համապետական ընտրությունների անցկացման համար, որոնք անցկացվել են 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին, որոնք զերծ են եղել նախկինում բազմաթիվ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումներից։ Ինչ վերաբերում է 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններին, ապա ուրախությամբ պետք է նշենք, որ ընդդիմությունն ընդունել է արդյունքները՝ կիրառելով իր տրամադրության տակ եղած օրինական միջոցները դրանք վիճարկելու համար և չի բոյկոտել նոր խորհրդարանի գործունեությունը»։
Այս բանաձևում ևս անդրադարձ է կատարվում հայ ռազմագերիների վերադարձի խնդրին: Վեհաժողովը նշում է, որ վերջին հակամարտությունը մեծ ազդեցություն ունեցավ ՀՀ-ի վրա, ինչպես նկարագրված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքները/Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» 2391 (2021) բանաձևում։
Մասնավորապես, Վեհաժողովն իր տարակուսանքն է հայտնում բոլոր կողմերից զոհերի թվի կապակցությամբ և վերահաստատում իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն։ Այն նաև վերահաստատում է մշակութային և կրոնական ժառանգության կարևորությունը և դրա պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը:
Վեհաժողովը ևս մեկ անգամ ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը կամ բնականոն հարաբերությունների հաստատմանը չնպաստող ելույթների կամ գործողությունների ավելացման փաստով:
Բացի այդ, Վեհաժողովը կրկին կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ տրամադրել Ադրբեջանի իշխանություններին հայկական կողմի մոտ գտնվող ականապատ տարածքների բոլոր քարտեզները: Այն ևս մեկ անգամ կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության արդար և տեւական հանգուցալուծում իրականացնել։ Ի վերջո, ԵԽԽՎ-ն կոչ է անում կյանքի կոչել Մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկությունները հակամարտության մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքների վերաբերյալ»:
Այս բանաձևի նախագծով ԵԽԽՎ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ավարտին հասցնել ընտրական շրջանակի բարեփոխումները` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները:
ԵԽԽՎ-ն բանաձևով նաև կոչ է անում ՀՀ-ին կատարել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հանձնարարականը՝ ապահովելով տեղական բոլոր ընտրությունների անցկացումը նույն օրը և խորհրդարանական ընտրություններից առնվազն վեց ամիս հետո:
Անդրադառնալով խոսքի ազատության հարցերին, մասնավորապես վիրավորանքը քրեականացնելու՝ ՀՀ իշխանության որոշմանը, ԵԽԽՎ բանաձևում ամրագրված է. «Տեղյակ ենք, որ ՀՀ իշխանությունները և հասարակությունը բախվում են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՀՀ իշխանություններն այս իրավիճակին ի պատասխան ավելացրել են վիրավորանքի համար տուգանքները կամ քրեականացրել «ծանր վիրավորանքը»: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք կրկնել Վեհաժողովի հստակ դիրքորոշումը, որը դեմ է զրպարտության քրեականացմանը: Այս ծայրահեղ պատժամիջոցների փոխարեն հասանելի են այլ գործիքներ, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին և նորմերին: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մշակել համապարփակ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կանդրադառնա ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության, լրատվամիջոցների հնարավոր կենտրոնացման, լրագրողների կարգավիճակին և ինքնակարգավորման մեխանիզմների խնդիրներին, քանի որ այս խնդիրները փոխկապակցված են լրատվադաշտում ատելության խոսքի տարածման հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ