Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իրականացավ 1964-ին աներևակայելի համարվող՝ ՀՀ անկախության մասին Մերուժանի երազանքը, հավատանք՝ մյուս երազանքն էլ է կատարվելու. Վարդան Հարությունյան

Հունվար 27,2022 12:19

Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վախճանվեց բանաստեղծ, հրապարակախոս, հետաքրքիր մարդ Մերուժան Հովհաննիսյանը։ Ավելի շատ որպես Մերուժան էր հայտնի։

Նա խորհրդային տարիների հայաստանյան այլախոհության առաջին շրջանի ամենավառ ներկայացուցիչներից էր։ Նաեւ Մերուժանի ջանքերով է ստեղծվել ու կազմավորվել 1960-ականների առաջին տարիներին՝ ընդհատակի պայմաններում հսկայական աշխատանք կատարած, հայաստանյան մտածողության վրա էական ազդեցություն թողած «Հայ երիտասարդների միություն» կազմակերպությունը։ Մերուժանը եղել է այդ կազմակերպության խորհրդի անդամներից մեկը։

1964 թ․ կազմակերպության խորհրդի յոթ անդամներ՝ Խաչատուր Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, Վիգեն Բաբայանը, Կարապետ-Կարո Քիրամիջյանը, Գրիգոր-Հովհաննես Եղյանը, Էդվարդ Կակոսյանը, Մերուժան Հովհաննիսյանը հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդա անելու մեղադրանքով դատապարտվեցին։ Նրանց կալանավորումը, ապա՝ դատավարությունն այդ օրերին լայն արձագանք գտավ եւ ամենաքննարկվող թեման էր։ Նրանք օրվա հերոսներ էին ու հասարակության սիրելին։ Մարդիկ նրանց կնքեցին «Յոթ հայրենասերներ» անվամբ, ու նրանք՝ անկախ հետագայում իրենց ապրած կյանքի ու տարաբնույթ դրսեւորումների, հասարակության հիշողության մեջ մնացին որպես «Յոթ հայրենասերներ»։

Կանցնեն մեր այս խառնակ ժամանակները։ Տիղմը, որ վերեւում է՝ կնստի։ Կզուլալվի ամեն ինչ, եւ պատմությունը կրկին իր արժանի տեղում կդնի այս յոթին՝ նրանց նախորդներին ու նրանցից հետո եկածներին։ Ժամանակ է պետք։ Հոգ չէ, որ այսօր նրանք վախճանվում են աղքատության մեջ ու չգնահատված։

Մերուժանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է Մորդովիայի խիստ ռեժիմի կալանավայրերում եւ Վլադիմիրի բանտում։ Նա 1960-ականների անկախության կողմնակից քչաթիվ գործիչներից մեկն էր։ Դատարանի դահլիճում (1964 օգոստոս) հայտարարել էր. «Ես Հայաստանը տեսնում եմ որպես առանց խորհրդային կարգերի անկախ հանրապետություն»։
Եւ եղավ նրա պատկերացրած Հայաստանը՝ առանց խորհրդային կարգերի ու անկախ։ Նա նաեւ հպարտ Հայաստան էր երազում։ Եթե իրականացավ 1964-ին աներեւակայելի համարվող՝ անկախության մասին նրա երազանքը, ուրեմն, հավատանք՝ այս մի երազանքն էլ է կատարվելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31