Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում ռուս պատվիրակներին հավատարմագրերից զրկել-չզրկելու հարցով՝ ԵԽԽՎ-ում. նրանց լիազորությունները հաստատվեցին

Հունվար 27,2022 12:13

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում երեկ տեղի ունեցավ քննարկում՝ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների հարցով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք պատգամավորներ հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ համաձայն որի՝ վիճարկում էին ռուսական պատվիրակության լեգիտիմությունը, քանի որ պնդում էին, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններն արդար չեն եղել:

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների հարցով Նախարարների կոմիտեն ներկայացրել էր որոշումը: Մինչ այս հարցով քննարկումը՝ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Թինի Քոքսը ներկայացրեց այդ որոշումը. «Նախարարների Կոմիտեն եզրակացնում է, որ պետք է վավերացվեն Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը»:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կարծիքը ներկայացրեց իտալացի պատվիրակ Պիերո Ֆասսինոն ՝զեկույցով: Նա հայտարարեց. «Մոնիտորինգի հանձնաժողովը րոպեներ առաջ է ավարտել իր աշխատանքը և Վեհաժողովին ներկայացնում է զեկույց, որով առաջարկում է հաստատել ռուսական պատվիրակության անդամների լիազորությունները: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ոչ ոք աչք չի փակում այն փաստի վրա, որ Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նաև ուզում եմ ընդգծել ՌԴ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք առաջին անգամ ենք դիտարկել և լուրջ խնդիրներ գրանցել: Մյուսը Ալեքսեյ Նավալնիի խնդիրն է, որն առանձին քննարկման հարց է: Եվ նաև Ուկրաինայի հարցն է, որը նուրբ խնդիր է և միջազգային օրակարգի առաջնահերթություն: Սակայն պետք է փաստենք, որ ռուսական պատվիրակության ներկայությունը Վեհաժողովում կարևոր է այդ երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, նաև Եվրոպական դատարանի հասանելիության տեսանկյունից»:

Այնուհետև պատվիրակներն իրենց կարծիքներն արտահայտեցին ռուսական պատվիրակության անդամների լիազորությունները վավերացնել-չվավերացնելու հարցի վերաբերյալ: Օրինակ՝ թուրք պատվիրակ Հիսյար Օզսոյը, դիմելով ռուս պատվիրակներին և հուսալով, որ նրանք իրեն լսում են, ասաց. «Հավատարմագրերի հնարավոր վավերացումը չի նշանակում, որ այս Վեհաժողովը լավ է վերաբերվում ձեր երկրում տեղի ունեցող խախտումներին: Սա ընդամենը ևս մեկ բարի և անկեղծ հրավեր է բովանդակալից երկխոսության՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության առումով կոնկրետ արդյունքների հասնելու համար»։

ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության նախագահ Էմանուելիս Զինգերիսը, որը ռուսական պատվիրակությանը լիազորություններից զրկելու կողմնակից էր, ասաց. «Ես հիշում եմ Ռուսաստանի դեմոկրատական ​​հասարակության տարիները. առաջին հերթին ես հիշում եմ իննսունականները, երբ հազարավոր ռուսներ ցույց էին անում մերձբալթյան անկախության օգտին։ Ովքե՞ր են այժմ ռուսական պատվիրակության անդամները. իրական ընդդիմություն ունե՞նք այնտեղ, ոչ: Ազատ և արդար ընտրություններ ունե՞նք։ Ոչ»:

Քննարկումից հետո ի վերջո բանաձևը 49 «կողմ», 19 «դեմ» և 8 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Այսինքն՝ ռուսական պատվիրակության լիազորությունները հաստատվեցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31