Անցած տարվա 11 ամիսների տվյալներով, խաղային ոլորտի բիզնեսում ընդգրկված ընկերություններում կատարվել է շուրջ 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Սա համարժեք է մեր պետական բյուջեի եկամուտների կրկնապատիկին։
«3,2 տրիլիոն դրամ. այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերն արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։ Այո՛, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021թ. առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171,7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված»,- խաղային բիզնեսի գովազդը սահմանափակելու վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ օրեր առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտներն անցած տարի կազմել են շուրջ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ։ Այնինչ՝ բուքմեյքերական ընկերությունների խաղադրույքները հասնում են 3,2 տրիլիոնի։
Ու սա՝ դեռ 11 ամսվա տվյալներով։ Բնականաբար, տարեկան ցուցանիշը շատ ավելի մեծ է, առնվազն 3,5 տրիլիոն դրամ, ինչը համարժեք է ավելի քան 7 մլրդ դոլարի։
Կարդացեք նաև
Այսպիսի հսկայական խաղադրույքների պայմաններում տեսնենք, թե որքան հարկ են վճարել խաղային բիզնեսի ոլորտում գործող ընկերությունները։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը, որը թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել կատարված ահռելի խաղադրույքների և այստեղ զբաղված ընկերություններում ձևավորված հարկային պարտավորությունների վերաբերյալ։
Անցած տարին խաղային բիզնեսի համար ծաղկուն տարի է եղել. 11 ամիսների ընթացքում 1,6 անգամ ավելի շատ խաղադրույքներ են կատարվել, քան կատարվել էին 2020թ. ամբողջ տարվա ընթացքում։
Դատելով վճարած հարկերից՝ տարին նպաստավոր է եղել հատկապես գործող իշխանությունների սիրելի «Վիվառոյի» համար։ Խաղային բիզնեսում այն հանդես է գալիս 2 ընկերությունների միջոցով. մեկը՝ «Վիվառո Գրուպն» է, մյուսը՝ «Սոֆթ Կոնստրակտը»։ Այս ընկերություններից թեև առավել հայտնի է առաջինը, այնուհանդերձ վճարած հարկերով երկրորդը բոլորից առաջ է անցել։ 2021թ. այն հայտնվել է խոշոր հարկատուների 18-րդ հորիզոնականում՝ միանգամից բարձրանալով 33 հորիզոնականով։ Նախորդ տարի 51-րդն էր։ Անցած տարի «Սոֆթ Կոնստրակտը» պետական բյուջե է վճարել 8 մլրդ 159 մլն դրամ։
Հայտնի բուքմեյքերական գրասենյակներից ակտիվ է եղել նաև Toto-ն։ Այն հանդես է գալիս «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ընկերությունների միջոցով։
Խաղային բիզնեսի ոլորտում գործող նշված ընկերությունները միասին անցած տարի պետական բյուջե են փոխանցել ընդհանուր առմամբ շուրջ 18,8 մլրդ դրամ։ Ավելի շատ, քան մեկ տարի առաջ։ Բայց հարկային այդ պարտավորությունները գոյացել են կատարված առնվազն 7 մլրդ դոլար խաղադրույքների պայմաններում։ Արդյո՞ք դրանք համարժեք են։ Այս հարցի պատասխանը թողնում ենք պատկան մարմիններին, ովքեր խաղային բիզնեսի դեմ պայքարելու համար փորձում են սահմանափակել գովազը։
Այնինչ, կան շատ ավելի արդյունավետ տարբերակներ, որոնք կարող են մի կողմից՝ կանխարգելել խաղային բիզնեսի նկատմամբ գայթակղությունը, մյուս կողմից՝ նպաստել բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը։ Բայց մեր դեպքում որոշել են գնալ գովազդը սահմանափակելու ճանապարհով՝ հիմքում, ըստ էության, ունենալով ոչ այնքան խաղային բիզնեսը կանխարգելելու, որքան այլ նպատակներ։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։