Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չասող ելույթների փոխարեն կոնկրետ գործիքներով պետք է խրախուսել. գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել. «Փաստ»

Հունվար 27,2022 10:39

Գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել։ Անցած տարվա առաջին 9 ամսվա տվյալներով, չնայած ընդհանուր տնտեսական աճի տեմպերին, այս ոլորտում անկում է գրանցվել, բայց 2022 թվականի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Նախ՝ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների հսկայական գնաճ է նկատվում, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է դեֆիցիտ, որն առաջ է եկել ոչ միայն համաճարակային իրավիճակի ու մատակարարման շղթաների բնականոն ակտիվության խաթարման, այլև եղանակային պայմանների ու տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրման հետ։

Իսկ այս ընթացքում Փաշինյանի կողմից հողի մշակման կուլտուրան փոխելու և Հայաստանում ընդհանրապես չմշակված հող չթողնելու խրոխտ հայտարարությունների պակաս չենք ունեցել։ Այնուամենայնիվ, ոչինչ չասող ելույթների փոխարեն կոնկրետ գործիքներով պետք է խրախուսել գյուղատնտեսության զարգացումը։ Ու հիմիկվանից արդեն պետք է մտածել գարնանացանի կազմակերպման շուրջ, որպեսզի ընդամենը կարճ ժամանակ հետո գյուղացիները կոնկրետ խնդրով զբաղվեն, ու արդյունք ստանալու հնարավորություն ստեղծվի: Այնինչ, գյուղնախարարությունը կրճատելուց հետո այս իշխանությունները ոլորտը լիովին անուշադրության են մատնել։ Դրա համար էլ գյուղացիներն ու ֆերմերները այս օրերին արդեն բողոքում են, որ սերմացուի ձեռքբերման հետ կապված մեծ խնդրի առաջ են կանգնել։

Մյուս կողմից էլ հիմնականում հացահատիկի և կարտոֆիլի՝ առկա սերմնացուի գներն այնքան են բարձրացել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներից շատերն ուղղակի ի վիճակի չեն այն ձեռք բերել։ Դրա հետ մեկտեղ ահռելի չափով թանկացել են պարարտանյութերը, թունաքիմիկատները, էներգակիրները, ինչի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվելը շուտով դառնալու է ոչ ձեռնտու։ Եվ այն մարդիկ, ովքեր զբաղված էին գյուղոլորտի աշխատանքների միջոցով իրենց հացը վաստակելով, նախընտրելու են բռնել արտագաղթի ճանապարհը։ Մյուս կողմից էլ՝ երկրում սրվելու է պարենային ճգնաժամը, գներն ավելի շեշտակի են բարձրանալու, ինչն էլ էական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ նախադրյալներ առաջ բերելով սոցիալական բունտի հասունացման համար։

Ադրբեջանում արդեն սկսել են մտածել այս խնդրի շուրջ, ու պարենային հարցերը լուծելու նպատակով որոշել են ոչ միայն օգտագործել Արցախից բռնազավթած հողերը, այլև հողատարածքներ գնել ու մշակել նաև արտերկրում՝ մասնավորապես Ուկրաինայում։ Իսկ մեզ մոտ Փաշինյանը զբաղված է միայն հակառակորդին հաճոյանալով, զիջումներ անելով ու ընդդիմադիրներին ճնշելով։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները առաջ են տանում փողոցային մակարդակի բանավեճերը։ Իսկ էկոնոմիկայի նախարարն էլ, որը գյուղատնտեսության նախարարության կրճատումից հետո պետք է փաստացի համակարգի գյուղոլորտի աշխատանքները, միայն «շուլուխներ» անելով է զբաղված։ Այնինչ, պետության խնդիրն է էժան սերմնացու ձեռք բերել գյուղացիների համար, մատչելի գներով դիզվառելիք տրամադրել, լուծել գյուղտեխնիկայի հարցը, ապահովել համապատասխան մասնագիտական օժանդակություն, պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն։

Կարճ ասած՝ այս առանցքային ոլորտում պետությունը տոտալ անգործություն է ցուցաբերում։ Սա քիչ էր, առաջիկայում էլ գյուղացիներն ու ֆերմերներն ավելի մեծ խնդրի են բախվելու։ Փաշինյանն իր վերջին «մենազրույցում» նշեց, թե չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղարտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը։ Այս հանգամանքն արդեն վկայում է գյուղոլորտի համար սպասվող նոր պատուհասի մասին, քանի որ իշխանությունները բացահայտ ակնարկում են, որ օրենսդրական, հարկային և այլ գործիքակազմով չեն խթանելու գյուղատնտեսության զարգացումը ու չեն պաշտպանելու այս ոլորտում ներգրավված անձանց շահերը, ուստի քաղաքացիները կարող են այլևս գյուղատնտեսությամբ չզբաղվել, դրա փոխարեն ավելի նպատակահարմար է թողնել, որ թուրքական էժան ու անորակ մթերքները հեղեղեն մեր շուկան։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31