Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ «Գազպրոմ Արմենիան» մի քանի հիմնավորումներ էլ է ներկայացրել, որոնք ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է, ինչի համար հանձնաժողովն ունի 80-օրյա ժամկետ։ Գազի սակագնի բարձրացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կառավարության կնքած միջպետական համաձայնագրով՝ ապրիլի 1-ից պետք է Հայաստանին մատակարարվող գազի կալորիականության ճշգրտում տեղի ունենա, այսինքն՝ այժմ նույն գնով 7900 կիլոկալորիայի փոխարեն միջինը 8300 ԿԿ գազ է մատակարարվում մեզ, եւ դա պետք է համապատասխանեցվի իր գնին։
Սակայն, սահմանին գազի գինը չի փոխվում՝ փոխվելու է միայն հայ սպառողների համար, որովհետեւ «Գազպրոմ Արմենիան» կարծում է, որ բավարար շահույթ չի ստանում։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին երեկ հարցրինք՝ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հիմնավորումները որքանո՞վ են համոզիչ իրենց համար։
«Հիմա նայում ենք։ Ասենք՝ ո՞ր մասը։ Հիմնավորման մի մասը համոզիչ չէ, մի մասը համոզիչ է, մի մասը ուսումնասիրվում է։ Հայտն ուսումնասիրության փուլում է, հենց որ մենք մեր աշխատանքն ավարտենք, մեզ համար հիմնավորված մասը կհրապարակենք»,-ասաց պարոն Բաղրամյանը։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ եք նախնական ասել՝ որ մասն է համոզիչ, որ մասը՝ ոչ համոզիչ։ Օրինակ՝ կալորիականության հետ կապված հիմնավորումներ են ներկայացրել։
– Կալորիականությունը հիմնավորման հետ կապ չունի, պայմանագիր կա, որտեղ գրված է, որ կալորիան էսքան է դառնալու ապրիլի 1-ից։ Այսինքն՝ էստեղ համոզվել-չհամոզվելու բան չկա։ Եթե չկա միջպետական համաձայնագիր, որն ունի օրենքի ուժ, ու որտեղ ասվի, որ կալորիայի վերահաշվարկ այս տարի կամ այսքան ժամանակահատվածում չի կիրառվում, ուրեմն կա բանաձեւ, կա համապատասխան պայմանագիր, էդտեղ հիմնավորել-չհիմնավորելու հարց չկա։ Դա նույնն է, որ ասենք՝ սահմանին 165 դոլարը հիմնավորվա՞ծ է, թե՞ չէ․ պայմանագրային գին է դա։
– Իսկ ո՞ր մասը համոզիչ չի թվում ձեզ։
– Ծախսերի մաս կա, որը նայում են մերոնք։ Շահագործման-պահպանման ծախսեր պիտի նայեն, 2021 թ․ իրականացված ներդրումները պետք է նայեն, թե ինչքանով են համապատասխանում նախօրոք համաձայնեցված ծրագրին, ինչքանով են փաստացի կատարված, հանձնվա՞ծ է շահագործման, թե՞ չէ․․․ էդպիսի հարցեր կան բազմաթիվ, որոնք նայում են։
– Հիմա սակագնի փոփոխության հայտի նպատակը ո՞րն է։
– Նպատակն այն է, որ եթե Դուք մի ապրանքն ավելի թանկ եք սկսում առնել կամ այլ պայմաններով, այդ պայմաններն էլ, բնականաբար, դնում եք իր ինքնարժեքի մեջ, չէ՞։ Հիմա ինքը շարունակում է առնել նույն այդ գազը 165 դոլարով ռուսական ընկերությունից, բայց նաեւ պետք է վճարի ճշգրտող գործակից իր գազի ջերմատվության, այսինքն՝ գազի որակի համար, որը մինչեւ էսօր չի եղել։ Այսինքն՝ կոնկրետ էդ գործոնը ոչ թե «Գազպրոմ Արմենիային» է կոնկրետ մնալու, այլ էդ ապրանքի գինն էդքանով թանկանում է, եթե ինքն ավելի որակյալ ապրանք է ստանալու։
– Այսինքն՝ ավելի թանկ գնով է ձեռք բերելու եւ ավելի որակյալ գազ է ստանալու։
– Եթե գինը նկատի ունեք, ապա գինը նույնն է։ Ինքն ուղղակի պետք է նաեւ ջերմատվության համար ճշգրտող գործակից վճարի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: