Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքը յուրովի պաշտպանեց Հայ Դատը. Ռընե Լեոնյան

Հունվար 27,2022 09:30

Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանի վկայությունը

2022 թվականի հունվարի 19-ին ես չէի կարող լինել այլուր, քան Ստամբուլում՝ հարգելու Հրանտ Դինքի հիշատակը։

Տասնհինգ տարի առաջ Հրանտի հուղարկավորության ժամանակ մասնակցեցի այդ հուզիչ ու անտանելի ծանր արարողությանը։ Այդ ժամանակ աշխատում էի Հայաստանում և այդ առիթով ներկայացնում էի Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը։ Ներկա էր ավելի քան հարյուր հազար մարդ՝ չհաշված միլիոնավոր թուրքերին, ովքեր հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հետևում էին այդ իրադարձությանը։ Չեմ մոռանա ցուցապաստառների գրությունները՝ «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս հայ ենք» ։

Իրենց պատուհաններին հենված թուրք քաղաքացիների անդադար ​​ծափերի ներքո թափորը մեծ բազմությամբ առաջ էր շարժվում: Այդ օրը Թուրքիայի ողջ բնակչությունը (թուրքեր, ալևիներ, քրդեր, հայեր, հույներ, հրեաներ…) նույնացվել էին Հրանտի և հայերի հետ:

Այս ամբոխի մեջ կորած՝ չէի հավատում աչքերիս։ Գերեզմանատանը Ստամբուլի Վերատվելիի հետ ցավակցական ուղերձ հղեցինք ընտանիքին և գերեզմանի մոտ հավաքված մասնակիցներին։ Ինչպիսի՛ փորձություն։

Ես Հրանտին և նրա կնոջը՝ Ռաքելին, ճանաչել եմ 1980 թվականի ամռանը Թուզլայում՝ «Քամփ Արմեն» ճամբարում, որը գտնվում է ծովի ափին, Ստամբուլից 60 կմ հեռավորության վրա։ Այս ճամբարը պատկանում էր Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցուն, որի ղեկավարն էր Հրանտ Գյուզելյանը։

Կնոջս՝ Սիլվիի հետ, մեկ ամիս անցկացրել էինք այդ ճամբարում՝ օգնելու կրթական և հոգևոր ծրագրերին անիմացիայի հարցում: Հրանտ և Ռաքել Դինքերը ճամբարի տնօրենին օգնում էին կամավորների լավ թիմով: Նրանք երկուսն էլ Ստամբուլի հայ ավետարանական եկեղեցուց էին։

․․․Մի քանի օր առաջ գնացել էի Թուզլա՝ տեղեկանալու ներկա իրավիճակի մասին։ Հարկ է իմանալ, որ 1980-ականների վերջին թուրքական իշխանություններն անօրինական կերպով բռնագրավեցին այդ ճամբարը։ Ինչպիսի՞ն էր իմ զգացումը` վերագտնելով այս «կախարդական» վայրերը, որոնք թույլ էին տվել մոտ 2000 երեխաների զվարճանալ հայկական և քրիստոնեական մթնոլորտում՝ իրենց ինքնությունը պահպանելու համար:

Վերջին տարիներին, բողոքի մեծ շարժումից հետո, ճամբարը կրկին դարձել է եկեղեցու սեփականությունը։ Չնայած շենքերը քանդվել են, սակայն պատրաստվում է նոր նախագիծ՝ ապագայում երեխաներին ու երիտասարդներին հյուրընկալելու համար։

Ինչ վերաբերում է Հրանտ Դինքին, ապա նա հետագայում դարձավ խարիզմատիկ կերպար, և նրա ներգործությունն ու ազդեցությունը հատեցին բոլոր սահմանները: Իսկապե՛ս, ինչ-որ առումով Հրանտ Դինքն այլևս չի պատկանում միայն իր ընտանիքին կամ հայ համայնքին։ Մարդկության համար նա դարձել է խորհրդանիշ։ Հրանտ Դինքն իր կենդանության օրոք մասնակցել է բազմաթիվ ակցիաների՝ ոչ միայն Թուրքիայի հայերի, այլեւ երկրի բոլոր բաղադրիչների արժանապատվությունը վերականգնելու համար։ Նա ցանկանում էր այնպիսի Թուրքիա, որտեղ բոլոր ժողովուրդները կունենային իրենց տեղն առանց բարդույթների, և որտեղ անհատները կարող էին արտահայտվել առանց վախի:

2022 թվականի հունվարի 19-ին, չորեքշաբթի օրը, Ստամբուլում էինք մեր նվիրվածությունն արտահայտելու Հրանտ Դինքին։ Սկզբում ընտանիքի և մտերիմների հետ եղանք Բալըքջի թաղամասի հայկական գերեզմանատանը՝ աղոթքներ, խորհրդածություն և մխիթարանքի խոսքեր:

Այնուհետև հազարավոր մարդկանցով Հրանտի ստեղծած «Ակօս» օրաթերթի նախկին գրասենյակի դիմաց էինք, և որի խմբագիրն ինքն էր։ Հանրահավաքն անցավ հանդարտ և արժանապատիվ, ընդմիջված կարգախոսներով, որոնք վանկարկվում էին ուշադիր ամբոխի կողմից, որը բարձրաձայն կոչ էր անում արդարություն պահանջել Հրանտի համար:

Հիմնական ելույթով հանդես եկավ Ռաքել Դինքը։ Շատ հուզված Ռաքելը հիշեց Հրանտի բացակայությունից առաջացած պակասությունը: Նա պնդում էր ճշմարտության և արդարության անհրաժեշտությունը:

Խորը հավատացյալ լինելով՝ Ռաքելը նաև մեջբերեց մի քանի հատվածներ Աստվածաշնչից, ներառյալ Եփեսացիներին ուղղված նամակի տեքստը, գլուխ 5, հատված 11՝ «Մի մասնակցիր խավարի անպտուղ գործերին, այլ ավելի շուտ դատապարտիր դրանք»: Այսպիսով, Ռաքելը մեզ քաջալերեց դատապարտել անարդարությունները և քայլել հույսի ճանապարհով:

Հրանտ Դինքն իր թուրք զրուցակիցներին ասում էր՝ խոսի՛ր ինձ հետ, պատմիր քո տառապանքների և քո սրտում եղածի մասին, իսկ ես, ես կբացեմ իմ սիրտը և կպատմեմ քեզ իմ տառապանքների մասին:

Հրանտն, ինչպես և բազմաթիվ մտավորականներ Թուրքիայում, երազում էին արդար, ժողովրդավարական և էգալիտար Թուրքիայի մասին: Նա յուրովի պաշտպանեց Հայ Դատը։ Նրան հաջողվել էր շահել Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների համակրանքը։ Նա ցանկանում էր իրական երկխոսություն թուրքերի և հայերի միջև։ Եվ այդ երկխոսությունը կարող էր հիմնված լինել միայն ճշմարտության և արդարության վրա։ Դրա համար մեղավորը պետք է ճանաչի իր մեղքը և քաջություն ունենա ներողություն խնդրելու: Նպատակն, իհարկե՛, մի օր ամուր և անկեղծ հաշտության հասնելն է։

Հրանտ Դինքն իր ուրույն ձևով ճանապարհ բացեց: Նրա ազդեցությունն, այսօր, շարունակում է զգալ տալ կյանքի բոլոր ոլորտներում:

Թուրքական իշխանությունները պետք է քաջություն ցուցաբերեն՝ ամբողջությամբ բացահայտելու սպանության իրական պատասխանատուներին։

Հետևելով Հրանտ Դինքին, թող բարի կամքի տեր և կարող տղամարդիկ և կանայք ոտքի կանգնեն և գործեն մարդկային էակների մերձեցման համար, որպեսզի վերջ տրվի ատելությանը, անարդարությանն ու արհամարհանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31